Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. Դաշնակցությունը կայուն կուսակցություն է

Փետրվար 11,2016 17:05

«Հանրապետական կուսակցությունը ընդհանուր առաջարկ միշտ էլ արել է, հիմա էլ է անում, եթե կուսակցությունները կարծում են՝ կա ընդհանրություն, իհարկե մենք առաջարկությանն ընդառաջում ենք: Մենք չենք բացառում, որ այլ քաղաքական ուժի հետ էլ համագործակցենք: Մենք առաջարկում ենք, մենք դռները բացում ենք, չենք խնդրում: Եթե որեւէ կուսակցություն չի ուզում, շուտ է համարում կամ ժամանակը չի համարում, սպասում է ինչ-որ բաների, դա իր խնդիրն է, դեռեւս ժամանակ կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ խոսելով քաղաքական դաշտում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձության՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի համագործակցության մասին:

Նա նշեց, որ ՀՅԴ-ի հետ համագործակցությունը հիմա՝ մինչ ընտրություններն են տեղի ունենում, քանի որ Դաշնակցությունը Հանրապետականի հետ համագործակցեց նաեւ սահմանադրական փոփոխությունների ժամանակ: «Եվ այդ բազան է, որ դա լինի ընտրություններից առաջ: Կոալիցիոն կազմակերպություն ստեղծելու մասին չէ խոսքը: Թե ինչ ձեւաչափով կլինի, կերեւա առաջիկայում, մասնակցության, համագործակցության աստիճանից»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու են համագործակցում խորհրդարանում ներկայացված ամենափոքր քաղաքական ուժերից մեկի հետ, որի ընտրազանգվածն էլ փոքր է, պարոն Ալեքսանյանն ասաց. «Նախ այստեղ մեծ ու փոքրի հարցը չէ: Մեծ ու փոքրը պայմանավորված չէ լոկ պատգամավորների թվով, մեծ ու փոքրը կախված է հասարակության մեջ կայուն քաղաքականությունից: Ճիշտ ու սխալի մասին էլ չէ խոսքը, հնարավոր է նախկինում սխալ բաներ արած լինեն»:

Պարոն Ալեքսանյանը նշեց, որ ՀՅԴ-ն առանձնանում է կայուն գաղափարախոսությամբ եւ սկզբունքայնությամբ որոշ հարցերի նկատմամբ, եւ կարեւոր էլ չէ՝ դրանք լավն են, թե վատը, վատերը կվնասազերծվեն: «Այսօր ամենաբացասական բանը քաղաքականությունում գաղափարախոսության, սկզբունքայնության բացակայությունն է, խառնել է իրար ամեն ինչ,- ասաց պարոն Ալեքսանյանը՝ նշելով,- Այսօր Բագրատյանը կոչ է արել, որ միավորվեն, ես համոզված եմ, որ չեն միավորվի: Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական դաշտում չկան սկզբունքներ»:

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ շուտով նաեւ Սահմանադրության շուրջ կձեւավորվեն բանավեճեր եւ դրանց արդյունքում կբացահայտվեն քաղաքական ուժերի ցանկությունները. «Եթե նույնիսկ Հանրապետական կուսակցությունը ինչ-որ նպատակներ ունի սահմանադրական փոփոխությունների հետ կապված, այլ կուսակցությունների ակտիվ մասնակցության դեպքում, հնարավոր է՝ Հանրապետականը չկարողանա իրականացնել»,- ասաց պարոն Ալեքսանյանը:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29