Կառավարությունը չեղյալ է ճանաչել «ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշումը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, պետք է լուծվի «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Ըստ հիմնավորման, նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Նախագահի աշխատակազմ: Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, մասնավորապես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից հաստատված առաջնությունների ցանկում ավելացել են եվրոպական խաղերը, որոնք կանցկացվեն 4 տարին մեկ անգամ: Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ անհրաժեշտ կլինի ամսական 120.000 դրամ: Որոշ մարզաձևերում անցկացվում են և´ երիտասարդների Եվրոպայի առաջնություն, և´ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Վերջինս իր կարևորությամբ չի զիջում երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և անհրաժեշտություն է առաջացել կարգադրության հավելվածներում ընդգրկելու նշված մրցումները՝ հավասարեցնելով երիտասարդների Եվրոպայի առաջնության հետ:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կառավարման համակարգում խորհրդի գործունեության ճկունության ապահովման նպատակով գործադիրը լրացում է կատարել 2010թ.-ին ընդունած համապատասխան որոշման մեջ:
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, գործող օրենքում գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության, որի արդյունքում առաջացել են պետական և մասնավոր գերեզմանատներ հասկացությունները: Օրենքով սահմանվել են նաև դրանց ստեղծման, կազմավորման, գործունեության կազմակերպման նախադրյալները ու վերջիններիս նկատմամբ ներկայացվող պարտադիր պահանջները: Օրենքով վերապահվել են մի շարք իրավունքներ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` մասնավոր գերեզմանատան գործունեության կազմակերպման համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ