Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հույս հայտնեց, որ ներքաղաքական խմորումների արդյունքում գուցե անակնկալներ սպասվեն: Մեր հարցին, թե ինչ անակնկալների մասին է խոսքը՝ պարոն Արշակյանը պատասխանեց, որ ասպարեզում հայտնվել են երիտասարդ քաղաքական գործիչներ, որոնք գուցե կփոխեն քաղաքական իրավիճակը:
«Երիտասարդ քաղաքական գործիչների թիկունքում միշտ փնտրում են ստվեր, մտածում են՝ ով է, մանավանդ երիտասարդ քաղաքական գործիչների դեպքում, որոնք «մարտական կենսագրություն» չունեն, անհայտ ծագում ունեն: Ես անմեղության կանխավարկածի կողմնակիցն եմ, մտածում եմ՝ եթե Հայաստանում քաղաքական պայքարի կանոններն այնպիսին են, որ քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ինչ-որ ազդեցությունների տակ լինես, հակառակ դեպքում մարգինալ ես: Ես համարում եմ՝ զրոյական վիճակ է, ինչը շատ վատ է, բայց այլ պայման չկա»,- ասաց պարոն Արշակյանը՝ նշելով, որ կարծում է, թե նոր քաղաքական ուժերի երիտասարդները բավականին խելացի են, ինտելեկտուալ մակարդակ ունեն:
«Ես չէի ուզի նման բանի մասին խոսել, բայց հիմա մենք ունենք քաղաքական գործիչներ, այսինքն՝ այդ տեղը զբաղեցնող անհատներ կան, որ պետք է մեկուսացվեն հասարակությունից: Ոչ միայն պետք է քաղաքականությունից մեկուսացված լինեն, այլ նրանք պետք է մեկուսացված լինեն հասարակությունից, նրանց չի կարելի երեխաների, կանանց մոտ թողնել: Քաղաքականությամբ զբաղվող կանայք էլ կան, որ չի կարելի ընդհանրապես մարդամեջ թողնել»,- ասաց պարոն Արշակյանը:
Նա ուրախ է, որ նոր գործիչներ են հայտնվում, ասում է, որ «որպես վետերան», ուրախ է, որ այդպիսիք կան: «Նրանք իրենց ելակետային պոտենցիալով իսկապես կքաղաքականացնեն մեր քաղաքական կյանքը եւ կզբաղվեն քաղաքականությունով, իսկ հենց որ քաղաքական գործիչները քաղաքականությունով են զբաղվում, դրանով գողերը, ավազակները, կամ պատահական մարդիկ չեն զբաղվում: Արժե, որ «վետերաններն» էլ մնան՝ որպես վատի ականատեսներ: Կարելի է հարցնել նրանցից՝ 1996 թվականին ի՞նչ եղավ, կամ 1986 թվականին ինչպե՞ս էր կյանքը: Այ կգան այդ վետերանները, կերկերուն ձայնով կպատմեն, եւ երիտասարդները կասեն՝ փառք Աստծո, մենք այդպես չենք մտածում»:
Կարդացեք նաև
Պարոն Արշակյանը խուսափեց անուններ հնչեցնել, թե հատկապես որ երիտասարդ քաղաքական գործիչներին է համակրում, ասաց, որ չի ցանկանում անուններ ասել, նեղացնել որեւէ մեկին՝ անուններ բաց թողնելով:
«Կան նրանք, հրապարակում են, քննություն են հանձնում, եւ ամենալավը այն է, որ նրանք մեր կարծիքը հաշվի են առնում, մեզ ներկայանում են»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ