Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում այսօր բացվեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը, որի նախաձեռնողը Արարատյան հայրապետական թեմն է:
Ուսանողները ներկայացրեցին սիրո տոնի առթիվ ստեղծված աշխատանքները՝ կտավներ, քանդակներ:
«Ուրախ ենք, որ ուսանողների շրջանում մեծ խանդավառություն կա: Նրանք մեծ սիրով ոչ միայն ստեղծագործում են, այլեւ ծանոթանում Սուրբ Սարգսի տոնի խորհրդին՝ իրենց ստեղծագործություններով դառնալով այդ խորհրդի մի մասնիկը: Հաղթողներին ընտրելիս շեշտը դրվում է այն ստեղծագործությունների վրա, որոնք առավելագույնս առնչվում են Սուրբ Սարգսին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ թեմն այս տարի բոլոր երիտասարդական կառույցներին հնարավորություն է տվել իրականացնելու Սուրբ Սարգսի տոնի հետ կապված տարբեր միջոցառումներ եւ ծրագրեր. «Մենք միայն ողջունում ենք դրանք: Եթե որեւէ երիտասարդական կազմակերպություն աջակցության կարիք է ունեցել, ամեն կերպ աջակցել ենք»:
Հավելենք, որ ցուցահանդեսի լավագույն աշխատանքների հեղինակներն առաջիկայում կհրավիրվեն ԱՀԹ առաջնորդարան եւ դրամական պարգեւներ կստանան թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից:
Ավելի վաղ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում եւս բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ