Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին, նշելու է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը:
«Երբ մանուկ Հիսուսին բերեցին տաճար, բացվեց Արեւելյան դուռը, որից պետք է մտներ միայն Տերը: Հայտնի է, որ մեր եկեղեցիներում արեւմտյան դռնից են մտնում… Եվ այդ ձայնից ժողովուրդը մոմերով ու ջահերով դուրս եկավ, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում: Սիմեոն ծերունին երկար տարիներ սպասվում էր այդ օրվան, նա ընդառաջ եկավ մանուկ Հիսուսին»,-այսօր, «Բլից Ինֆո» մամուլի ակումբում, խոսելով Տեառնընդառաջի տոնի խորհրդի մասին, ասաց Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Նա տեղեկացրեց, որ տոնի օրը կկատարվի նորապսակների օրհնության կարգ. «Տերն ասում է` ես եմ աշխարհի լույսը: Տիրոջ առաջին հրաշքը հիշենք, երբ հարսանիքի ժամանակ գինի չկար, եւ սովորական ջուրը փոխարինվեց գինով: Աստծո կամքը եղավ հարգել նորապսակներին եւ նրանց ուրախություն պարգեւել»:
Տեր Բաբկենին հարցրինք՝ ինչո՞ւ է Քրիստոսը ասոցացվում արեգակի եւ լույսի հետ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ ըստ ազգագրական եւ հնագիտական աղբյուրների՝ նաեւ Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթները հեթանոսական՝ բնապաշտական ծեսեր են: «Հեթանոսության ժամանակ կուռքը դիտվել է որպես աստված: Երբ Աստված բերեց իր հայտնությունը, ամեն ինչ պետք է ծառայեցնեին Աստծուն: Կրակն այդ ի՞նչ աստված է, որ պետք է վրայից թռնեն… Լույսն ու կրակը չեն ասոցացվում Աստծո հետ: Պարզապես Ավետարանում ասվում է՝ Աստված ասաց՝ «ես եկա, որ կրակ գցեմ ձեր մեջ»: Խոսքը ներքին կրակի մասին է, որպեսզի մենք «չսառենք» ու չմահանանք: Կրակը զուգորդվում է նաեւ կյանքի հետ: «Ես եկա, որպեսզի լույս բերեմ ձեզ, ով իմ հետեւից գա, խավարի մեջ չի մնալու, այլ գնալու է դեպի լույսը»,-պատասխանեց քահանան:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ