Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված կուրսանտի գործով կհարցաքննվի դատաբժշկական փորձագետը

Փետրվար 11,2016 15:45

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ փետրվարի 11-ին շարունակվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հետազոտվեց դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, Դավիթ Հարությունյանն այն ամբողջությամբ հրապարակեց: Ըստ այդ եզրակացության, Հայկազ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են ձախից այտային, աջից վերին շրթունքի շրջանների քերծվածքներ, աջից վերին եւ ստորին շրթունքների լորձաթաղանթի պատռվածքներ, որոնք նույնպես առաջացել են կենդանության օրոք, մահվանից մոտ 30 րոպեից մինչև 90 րոպե առաջ, բութ առարկաների ազդեցությամբ: Ըստ եզրակացության՝ դրանք չէին կարող պատճառվել իր իսկ կողմից:

Հրապարակումից հետո Նորիկ Սահակյանի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը կողմերի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մահվան պատճառ է հանդիսացել սեղման միջոցով կոտրվածքը, մասնավորապես՝ պարանոցի աջ հատվածի արյունազեղումներ կան. «Բնական հարց է առաջանում, այն ժամանակ, երբ քրեական գործ էր հարուցվել, գրված էր՝ այդ մարդիկ նախնական համաձայնությամբ տարել են կախել են, հետո եզրակացությունն է գալիս լույս է սփռում: Եթե սեղման միջոցով է, ինչո՞ւ է միայն աջ կողմը, ի՞նչ մեխանիզմով է եղել»:

Հարցին, թե բավարար հստակ չէ եզրակացությունը, որտեղից ի հայտ եկավ, որ սեղմել են. «Սեղմում բառը դատաբժիշկը օդից է վերցրել», Հովիկ Արսենյանն ասաց, որ ընթացքում պետք է միջնորդի կողմը, որ դատաբժշկական փորձագետը ներկայանա եւ դատարանին պարզաբանումներ ներկայացնի:

Գնել Թեւոսյանի ներկայացուցիչ Արա Զաքարյանը հայտարարեց, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը չի կարող համարվել արժանահավատ: Նա միջնորդեց դիակի կրկնակի դատաբժշկական փորձագիտություն իրականացնել: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ միջնորդությունը կարող է քննարկվել ապացույցների հետազոտությունից հետո:

Մեղադրողը հայտարարեց, որ համամիտ չէ կողմի տեսակետների հետ, մասնավորապես՝ դատաբժշկական փորձագետի լիազորությունների մեջ չի մտնում նշել, թե որ առարկան կարող է պատճառել. «Պարոն Արսենյանի յուրովի ընկալումն է, չի կարելի ընդունել որպես ճշմարտություն»:

Անդրադառնալով Արա Զաքարյանի միջնորդությանը՝ նա նշեց, որ հիմնականում հարցերը կրկնվում էին այն հարցաշարի հետ, որը տրվել է փորձագետին: Նա նշեց, որ եթե կողմը հարցերի պատասխան չի ստացել, հնարավոր է փորձագետին հարցաքննության կանչել, եւ ըստ նրա, կրկնակի դատաբժշկական փորձագիտություն նշանակելու կարիք չկա: Նա միջնորդություն ներկայացրեց դատաբժշկական փորձագետին հարցաքննել:

Գարիկ Գալիկյանն ասաց, որ դատաբժշկական եզրակացությամբ հստակ բոլոր հարցերի պատասխանները տրվել են. «Ես կարծում եմ հստակ գրված է այստեղ եւ բառերի փոփոխության արդյունքում տվյալ փորձագիտությունը չի փոխվում: Ես չեմ առարկում, բավականին հարցեր կան, որ տեղում փորձագետը պատասխան կտա եւ այլ միջնորդությունների անհրաժեշտություն չի լինի»:

Դատարանը որոշել հաջորդ դատական նիստին դատակոչել փորձագետ Ադամյանին:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկվել համածառայող Արտուշ Սիմոնյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29