Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների մատուցված ծառայությունների որակի բարելավման և բարձրացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բժշկագիտության շարունակական զարգացման զուգընթաց լաբորատոր-ախտորոշիչ տեսակների և հետազոտությունների ներդրմամբ, նոր արտահիվանդանոցային բժշկական կաբինետների ստեղծմամբ: Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` լաբորատոր-ախտորոշիչ տեսակների տարանջատում, սարքավորումների և գործիքների հագեցվածության սահմանում, տեխնիկական պահանջների ու պայմանների նորացում, պարզեցում, կրճատում, համապատասխանեցում ժամանակակից նորագույն սարքավորումներին և բժշկական պահանջարկին, միջին բուժաշխատողների վերջին 5 տարվա ընթացքում պարտադիր համապատասխան վերապատրաստում:
2016թ. ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այս տարվա համար ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում կատարվել է, մասնավորապես, հետևյալ փոփոխությունը` հանվել են «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված» բառերը: Որոշմամբ բարելավվել է նաև փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը նրա ժառանգին վճարելու հանգամանքը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ