Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Դաշնակցությունը դուրս եկավ ասպարեզից»

Փետրվար 11,2016 14:54

«Սա այն դեպքն է, որ ցավոք սրտի իմ կանխատեսումն իրականացավ. Ես ենթադրում էի, որ այդպիսի բան հնարավոր է, ու մտածում էի, որ երանի չլինի: Սա դասական օրինակ է քաղաքական կոռուպցիայի: Մեզ մոտ կար ֆինանսական կոռուպցիա, կար ադմինիստրատիվ կոռուպցիա, արդեն հասկանալի էր, բայց որ կա քաղաքական կոռուպցիա, արդեն ահազանգ է, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ քվոտաներով են լինելու: Այսինքն՝ կարեւոր չէ՝ քաղաքացիներն ինչ կարծիք ունեն քաղաքական կուսակցությունների մասին, արդեն իշխանությունն ինչ-որ տեղ ընդհատակյա բաշխված է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերագույն խորհրդի նախկին պատգամավոր՝ Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ մասնավորապես՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի արդեն ակնհայտ դարձած համախմբմանը:

Պարոն Արշակյանը նշեց, որ ցավում է, որ իր համար հեղինակավոր կուսակցություն համարվող ՀՅԴ-ն նման քայլի է դիմել: «Քաղաքականությունից դուրս է գալիս Դաշնակցությունը՝ միանալով Հանրապետական կուսակցությանն այսօր, նշանակում է՝ նա այսօր դուրս է գալիս քաղաքական պայքարից, նա դառնում է ուղեկիցը, գործակիցը: Դա շատ անհանգստացնող է, մենք կորցրեցինք մրցակցային քաղաքական պայքարի մասնակիցներից մեկին:

Դաշնակցությունը դուրս եկավ ասպարեզից: Նա հիմա կամազուրկ է: Մեկ տարի կամազուրկ կլինի: Իսկ քանի որ նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովի կանոնակարգը սահմանափակում է նաեւ Ազգային ժողովում հայտնված խմբերին, խմբակցություններին, կուսակցություններին իրենց գործունեության մեջ, նշանակում է, որ առաջիկայում, եթե այդ ծրագիրը իրականանա, Դաշնակցությունը քաղաքականությամբ չի զբաղվելու, սպասարկելու է այլ ծրագրեր»,- ասում է պարոն Արշակյանը՚:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը հույս ունի, որ կստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ. «Չի կարող լինել այդպիսի բան: Դա քաղաքականության վերջն է Հայաստանում: Մենք շատ կորուստներ ունենք՝ Մաքսային միություն, Եվրասիական միություն, ԱՊՀ եւ այլն: Ինքնիշխանության շատ կորուստներ ունենք այս տարիների ընթացքում:

Հիմա էլ մենք քաղաքական ասպարեզում կորցնում ենք մրցակցությունը: Մրցակցություն չի լինելու: Ես հույս ունեմ, որ կձախողվի այդ ծրագիրը, եւ մենք անակնկալներ կունենանք: Քաղաքական կոռուպցիան դուրս կմղվի մեր կյանքից»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29