Փետրվարի 11-ին Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեր հարցին՝ ՀՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն կա՞ն պարտավորություններ, որոնք վերցրել եք, ՀՀԿ-ն ի՞նչ է ձեզանից սպասում՝ պատասխանեց. «Ես ասում եմ այն, ինչ մենք ենք սպասում ՀՀԿ-ից՝ համատեղ աշխատանք, ծրագրերի իրականացում: Որեւէ այլ բան այստեղ մի՛ փնտրեք: Կլինի նաեւ բովանդակային ուղղությունների վերաբերյալ տեքստ՝ հայտարարություն կամ հուշագիր, դեռ քննարկում ենք այս խնդիրները: Կլինի նաեւ մեր համատեղ աշխատանքի որեւէ ֆորմատ, հարցերը պիտի քննարկվեն, մենք այդ քննարկումներին պիտի մասնակցենք, համահեղինակ լինենք, մեր մոտեցումները պիտի շարադրենք, առաջարկենք լուծումներ, եւ եթե համաձայնեցինք՝ արդեն կդառնա ընդհանուր մոտեցում: Եթե տարբեր կլինեն՝ կլինեն տարբեր մոտեցումներ»:
Մեր հարցին՝ խորհրդարանական ընտրություններին միասի՞ն եք գնալու ՀՀԿ-ի հետ՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Պառլամենտական ընտրությունները «7 սարի ետեւում» են: Պառլամենտական ընտրությունների հարց՝ այսպես կամ այնպես գնալու, մենք չենք քննարկել: Այսօրվա ամբողջ տրամադրությունն այն է, եւ անկախության շրջանում էլ ամբողջ տրամադրությունն այնպիսին է, որ Դաշնակցությունը միշտ գնացել է իր առանձին ցանկով: Այս հարցը այսօրվա վիճակով չի քննարկվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ