Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տալու Աշոտյանին Լեւոն Մկրտչյանով փոխարինելը. Աղվան Վարդանյանը՝ անձերի փոփոխման մասին

Փետրվար 11,2016 14:25
Agvan Vardanyan

Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ այն, ինչ շրջանառվում է մամուլում ՀՅԴ-ի պորտֆելների հետ կապված, մեծ մասամբ համապատասխանում է իրականությանը:

Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին հարցրեց՝ եթե վերցնում եք ԿԳ-ն, տարածքային կառավարման եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, եւ, ասենք, Արմեն Աշոտյանին փոխարինում է Լեւոն Մկրտչյանը, դա հենց անձերի փոփոխություն չէ՞, համակարգային փոփոխությունները դրա ո՞րն է, դուք ձե՞ր ծրագիրն եք այդտեղ իրականացնելու, թե՞ ՀՀԿ-ի:

Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բնականաբար, միայն անձի փոփոխություն չի լինելու: Եթե մենք խոսել ենք համագործակցության բովանդակության մասին, ամենամոտ ժամանակներս դուք նաեւ այդ բովանդակությանը տեղյակ կլինեք: Մենք առաջարկել ենք մի շարք խնդիրներ, որոնք այսօր կանգնած են երկրի առաջ՝ դա կլինի քաղաքական համակարգի բարեփոխման անհրաժեշտությունից բխող, Ընտրական օրենսգրքի հետ կապված, ներքին քաղաքականությանը, տնտեսական քաղաքականությանը, մթնոլորտին ընդհանրապես, տնտեսական այսօրվա առկա պրոբլեմների լուծման հնարավոր տարբերակներին, նաեւ արտաքին քաղաքականության ուղղություններին: Մենք ունենալու ենք ՀՀԿ-ի հետ ընդհանուր մի բովանդակություն, որը պիտի փորձենք համատեղ կյանքի կոչել, եւ վստահ ենք, որ մեր մասնակցության պատասխանատվությամբ նաեւ տարբեր ոլորտներում այդ աշխատանքը շատ ավելի արագ եւ որակով կարվի»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, այն, ինչ կա ձեր նախընտրական ծրագրում եւ ՀՀԿ-ի ծրագրում եւ հակասում են իրար, չեն բռնում, դուք պիտի փոխհամաձայնեցնե՞ք, արդեն նո՞ր ծրագրով առաջ գնաք՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այսօր մեր երկիրը այնպիսի պայմաններում է 2 առումով՝ ե՛ւ Սահմանադրական շրջանում է, ե՛ւ կան աշխարհաքաղաքական զարգացումներ, սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակ, մենք փորձում ենք համատեղ ուժերով ելքեր գտնել այս ծանր վիճակից: Բնական է, երկու տարբեր քաղաքական ուժեր են՝ իրենց գաղափարախոսությամբ, իրենց ծրագրերով, որտեղ կան ե՛ւ հատման կետեր, ե՛ւ տարբեր կետեր: Բանակցությունների իմաստն այն է, որ փորձես մոտեցնել տեսակետներ, գտնես ոսկե միջինը եւ այդ ուղղությամբ համատեղ աշխատես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Միթե Դաշնակցությունում ուրիշ մարդիկ չկան: Էս ժողովրդին լրիվ հիմարի տեղ եք դրել: Ոնց կարող է չորրորդ անգամ նույն մարդը նշանակվի նախարար, ինչ է, հայ ազգի արգանդը չորացել է? Դեռ խոսում եք նոր մոտեցումներից: Ես Աշոտյանի երկրպագուներից չեմ, բայց նա երիտասարդ էր, չէր վախենում նորարարությունից, չէր վախենում սխալվելուց, փորձում էր նոր գաղափարներ բերել մեր կրթության համակարգ, գուցե միշտ չէ, որ հաջողում էր, բայց մարդը փորձում էր և շատ զուսպ էր քննադատության, երբեմն նաև վիրավորանքների հանդեպ:Իսկ հիմա ինչ ակնկալիքներ ունեք չորրորդ անգամ ”գետը մտնողից”: Կարող եք հիշել մի արժանահիշատակ գործ Մկրտչյանի նախորդ նախարարական գործունեությունից?:

  2. henri says:

    Ոնց ինչ է տալիս- ամենալաւ փող աշխատելու նախարարութիւնն է – կեցցէ ՀՅԴ .

  3. Աբրահամյան Վ. Գ. says:

    Նախ պետք է դրանք իմանան, որ ապօրինի քայլերով օրինականություն չի ստեղծվում… Դա պայմանավորված է մեծ ռիսկերի հետ: Այդ թեկնածուն արդեն չորրորդ անգամ է մոտենում նույն “ծարաձողին” և արդյունքները միշտ նույնն են եղել, քանի որ պահպանվել էր ոլորտում տիրող կոռուպցիան ու հովանավորչությունը: Դրանք լավ գիտեն, որ ավելի վարկաբեկված են, քան մյուս կուսակցությունները: Դրանց ներքևի շարքերը չեն հավատում վերևներին: Ցավալին այն է, որ երևացող պաշտոններից բացի դրանք կպահանջեն ու կստանան բազմաթիվ չերևացող պաշտոններ (փոխնախարարներ, վարչության պետեր …) և կփորձեն արագ հարստանալ, քանի որ գալիք ընտրությունում տապալվելու են:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29