Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտը մանկապարտեզում. ահա թե ինչպես են օրը սկսում փոքրիկները (Ֆոտոշարք)

Փետրվար 11,2016 13:46

Առավոտներից ամենաաղմկոտն ու ժպտաշատը հենց մանկապարտեզում է, որտեղ շտապում են ոչ թե սուրճը, այլ խաղալիքը ձեռքին, ոչ թե բարկացած ու աշխատանքի վերջնաժամկետի մասին մտածող խիստ հայացքով, այլ նոր խաղեր մտքում հորինող ուրախ ժպիտներով, ոչ թե լարված, այլ անսպասելի խենթություններով հագեցած օրվա ակնկալիքով։

Առավոտը սկսվում է մարմնամարզությամբ ու հետաքրքիր խաղերով, որոնց ժամանակ երեխաները հասցնում են վերածվել տարբեր կենդանիների ու թռչունների, մրցում են միմյանց հետ, բայց ամենակարևորը չեն մոռանում իրար օգնել։

Փոքրիկներից մեկը հանկարծ հիշում է, որ կարոտել է, օրինակ, մայրիկին ու սկսում է լաց լինել այնքան ժամանակ, մինչև վերագտնում է սենյակի անկյուններից մեկում կորցրած հետաքրքրությունը։

Հետո նախաճաշի ժամն է ՝ նախաճաշոտված մռութիկներ, գդալներից կամ ափսեներից թափվող սննդի հետքեր, բայց միևնույն ժամանակ արդեն կուշտ հայացքներ։
Աննան ոգևորում է Ալենին. «Կեցցե՛ս, Ալեն, կեցցե՛ս, ամբողջը կերար», իսկ ինքը դեռ ջանք է գործադրում իր բաժինը վերջացնելու համար։

Նախաճաշից հետո կարելի է խաղալ, նկարել, սովորել նոր բաներ, մուլտֆիլմ դիտել ու, ինչպես նշեց փոքրիկներից մեկը, քնել մինչև գիշեր։ Չգիտեմ՝ գիշերն իրենց աշխարհում երբ է սկսվում ու ավարտվում, բայց փոքրիկ Սրբուհին խոստովանեց, որ ամբողջ գիշեր սիրահարվել է Դավիթին։

Դաստիարակը երեխաներին առավոտյան պարապմունքի ժամանակ ցույց է տալիս ընկույզ և հարցնում՝ ինչ է։ Երեխաները միաձայն պատասխանում են, որ դա պոպոք է, իսկ դաստիարակը շարունակում է կրկնել, որ պետք է ասել ընկույզ։ Երեխաները համառորեն չեն հանձնվում մինչև ամենահամարձակը բղավում է. «Ասեք ընկույզ է, մեկ է, որ կոտրենք՝ մեջը հաստատ պոպոք է»:

Ստիպված էի արդեն վերադառնալ մեր «Առավոտ», ու այդպես էլ չհասցրի իմանալ՝ մեջն ընկու՞յզ էր, թե՞ պոպոք։

Mankapartez_21 Mankapartez_20 Mankapartez_19 Mankapartez_18 Mankapartez_17 Mankapartez_16 Mankapartez_15 Mankapartez_14 Mankapartez_13 Mankapartez_12 Mankapartez_11 Mankapartez_10 Mankapartez_9 Mankapartez_8 Mankapartez_7 Mankapartez_6 Mankapartez_5 Mankapartez_4 Mankapartez_3 Mankapartez_1
Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Բռա՛վո…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29