«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունում է կոալիցիաները եւ համագործակցությունները: Այսօր, «Ազդակ» մամուլի ակումբում պատասխանելով ՀՅԴ- ՀՀԿ համագործակցության արդեն հստակեցված ձեւաչափերին վերաբերող հարցին, նա ասաց. «ՀՅԴ-ն ոչ միայն փորձառություն, այլ կադրային ռեսուրս ունեցող քաղաքական ուժ է»:
Գեղամյանը կարծում է, որ հանրապետության նախագահը ճիշտ քայլ էր արել`փորձելով պետության շահից ելնելով օգտագործել ՀՅԴ-ի ռեսուրսը: Նա հիշեցրեց, որ ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն եւ «Ազգային միաբանությունն» արդեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ եւ իրենց համար պատիվ են համարում «հանուն երկրի աշխատել`ուժերի ներածին չափով»: Այդ կուսակցությունների ղեկավարները, հիշեցնենք, ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունների անդամներ են:
Լրագրողներից մեկը հարցրեց`այս համագործակցությամբ չի՞ ստացվում, որ իշխանությունը գնում է պատասխանատվությունից խուսափելու ճանապարհով:
«Այդ կարծիքին չեմ: Ժամանակին ինքս եղել եմ ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության խիստ ընդդիմախոսը: Բայց ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ ուրիշի պրավալն էլ է իր վրա վերցնում»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`հստակեցնել, հատկապես ո՞ր քաղաքական ուժի ձախողումներն է ՀՀԿ-ն իր վրա վերցրել, բանախոսը պատասխանեց. «Երկրում առկա բոլոր խնդիրների համար քննադատության սլաքն ուղղված է եղել միայն ՀՀԿ-ին: Մինչդեռ լավ հիշում ենք, որ Հանրապետական կուսակցությունը ժամանակին դաշինք էր կազմել ՀՅԴ-ի, եւ ԲՀԿ-ի հետ: Սակայն ամեն բացասականի համար քննադատվում էր միայն ՀՀԿ-ն: Մինչդեռ նրանք երբեք չէին ասում՝ չէ՞ որ դաշինք ենք ունեցել եւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ»:
Դժվարություններ կան եւ դրանք Արտաշես Գեղամյանը համարում է արձագանքն այն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների, որի շեմին ենք բոլորս: Նա օրինակ բերեց, որ ԱՄՆ-ի 2017 թվականի ֆինանսական տարում բյուջեի դեֆիցիտը գերազանցելու է 500 մլրդ դոլարը, այս տարի այն նախատեսված է 614 մլրդ դոլար, արտաքին պարտքը գերազանցում է 18 տրիլիոն դոլարը, որը ԱՄՆ ՀՆԱ-ից ավելին է՝ կազմելով 104 տոկոս, ինչն այդ երկրի համար բավական վտանգավոր շեմ է, նույն վիճակում է ԵՄ-ն եւ այլն: «Նման տագնապահարույց վիճակը հզոր տնտեսություն ունեցող երկրներում շղթայական ռեակցիա է առաջացնում աշխարհով մեկ, որից դուրս գալու որոնման ճանապարհին է ոչ միայն ՀՀ-ն»,- եզրափակեց նա:
Aravot.am-ի հարցին` համարո՞ւմ եք, որ կոալիցիա եղած ժամանակ ԲՀԿ-ն տապալել է իր պատասխանատվության ոլորտները, որոնց համար հիմա ՀՀԿ-ին եք քննադատում, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց. «Ես համամիտ չեմ պարոն Գեղամյանի հետ, քանի որ ԲՀԿ-ն ոչ մի ոլորտ պրավալի չի ենթարկել: Երբեւիցէ նման բան չի եղել»:
Բացի այդ, Վահան Բաբայանն այսօր հարիր չի համարում «վաղուց եղած իրադարձությունները նման տոնով ու ոճով քննարկել»:
Հորդորում է նայել ապագային, այլ ոչ թե «անցյալից պրպտեք բաներ ու փորձեք քննարկել դրանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ