Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյանը կխոսի Սերգեյ Նարիշկինի հետ

Փետրվար 11,2016 13:18

«Ես չէի ասի, որ կրավորական է, այդ մասին արդեն իսկ ասվել է: Ուրիշ բան, որ հանկարծ չստացվի, թե մենք անտարբեր ենք այդ հարցի կապակցությամբ, առանձին հոդվածներում, ելույթներում դա ողջունվել է: Իսկ հիմա, պետական դուման իր պաշտոնական դիրքորոշումը, որ կայացրեց, արդեն բնականաբար, ՀՀ-ն իր գնահատականն այդ ամենին կտա»,- այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը`ի պատասխան Aravot.am-ի հարցի`ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ պետական դումայում «Կոմկուս» եւ «Արդար Ռուսաստան» խմբակցությունների կողմից բարձրացված 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին հարցին, ճի՞շտ է, արդյոք, պաշտոնական Երեւանի կրավորական կեցվածքը:

Գեղամյանը հիշեցնում է, որ դեռ 2002 թվականին հայտնի մտավորական Սուրեն Այվազյանը ծավալուն ու լուրջ նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ գրել էր Մոսկվայի եւ Կարսի տխրահռչակ պայմանագրերի անօրինականության մասին. «Ինձ հաջողվեց ծանոթանալ այդ նամակի պատասխանին, որը Սուրեն Այվազյանին ուղղել էր ՌԴ դեսպանատան նախկին խորհրդականներից մեկը, որտեղ բացատրում էր արծարծված հարցի ժամանակավրեպ լինելը: Անցան տարիներ եւ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին ես հանդես եկա հոդվածով «Այս աշխարհը հեշտ է ոչնչացնել…» վերնագրով, որտեղ ուղղակիորեն ասված է՝ եթե նման բովանդակությամբ նամակ հիմա ստանար Ռուսաստանի իշխանությանը, համոզված եմ, որ պատասխանը տրամագծորեն այլ կլիներ»:

«Ողջունել է պետք այդ նախաձեռնությունը եւ այսօր, այո, պիտի ուշադիր հետեւել, որպեսզի հետեւողականություն դրսեւորվի»,- ասաց նա հավելելով, որ փետրվարի 25-26- ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն է ու այդտեղ ինքն առիթ կունենա հարցի շուրջ ՌԴ պատվիրակության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ մտքեր փոխանակել: «Հայաստանի դիրքորոշումը շատ արժանապատիվ դիրքորոշում է իմ կարծիքով: Ժամանակից շուտ պետք չէ խառնվածություն կամ դիրքորոշում ցույց տալ»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Ընդհանրապես, ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիան եւ Մոսկվայի պայմանագրի ճակատագիրը, ըստ Գեղամյանի, կախված է ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերություններից: Թուրքիան ամեն կերպ ջանում էր ՌԴ-ին ներքաշել ՆԱՏՕ-ի հետ կոնֆլիկտի, բայց Էրդողանի`ԱՄՆ-ին քննադատող վերջին հայտարարություններից հետո, Թուրքիայի այդ դիրքորոշումը կարծես միարժեք չի ընկալվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29