Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել ԼՂՀ պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին։
Երբեմն մեզ ասում են, թե մենք միայն վատն ենք տեսնում, կամ լավի մասին չենք գրում, միայն քննադատում ենք։ Այդպես չէ։ Լավ բաներ եթե լինում են, դա էլ կարող ենք գրել, պարզապես լավ բաներ գրելու համար լրատվամիջոցները բոլ-բոլ են. բոլոր հեռուստաընկերությունները, բոլոր ռադիոընկերությունները, կայքերի ու թերթերի մի մասը։ Առավոտից երեկո միայն լավ բաների մասին են խոսում։ Իսկ ահա վատ բաները, բացասական երեւույթները, ապօրինությունները հաշված լրատվամիջոցներ են լուսաբանում։ Դրա համար դրական որեւէ իրադարձության անդրադառնալու պարզապես իմաստ արդեն չի լինում, քանի որ դրան իշխանական քարոզչամեքենան բոլոր հնարավոր ձեւերով արդեն անդրադարձել է։ Մենք էլ գրենք, ապա բացասականի համար ոչ ժամանակ, ոչ էլ տեղ կունենանք։
Բայց Երեւանի ավագանու այս որոշմանը չենք կարող չանդրադառնալ։ Այն լավ, շատ դրական որոշում է։ Բավական ողջունելի քայլ է, որը, հուսանք, վերջինը չի լինի։ Աղեկյանների ընտանիքին սա մեծ աջակցություն է։
Բայց երբ նույն Երեւանի ավագանին բնակարան է նվիրում ինչ-որ դերասանի, շոումենի, երգչի, ապա դա, բնականաբար, պետք է մեծ արձագանք գտնի հասարակության շրջանում եւ խիստ քննադատության ենթարկվի։ Արտակ Աղեկյանը զինվորական է, իր կյանքը հանուն հայրենիքի, հանուն նաեւ Երեւանի զոհել է, իր ընտանիքը մնացել է առանց հոր եւ ամուսնու, բնակարան տրամադրելը լիովին հասկանալի է։ Իսկ երգչին կամ դերասանին որպես ի՞նչ են տալիս։ Ո՞ր ծառայությունների դիմաց։ Ինչպե՞ս կարելի է զինվորականին ու երգչին նույն հարթության վրա դնել։
Կարդացեք նաև
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում