Ավագանու 2016 թ. առաջին՝ փետրվարի 9-ի նիստում օրենքով պահանջվող հարց ու պատասխանը պե՛տք է լիներ, բայց քանի որ չիրականացրեցիք, իսկ Խարբերդ թաղամասի բնակիչները սպասում էին ընտանի կենդանիներ պահելու թույլտվության հետ կապված իրենց ստացած ծանուցումների հետ կապված իմ հարցին, ուրեմն հարցս հրապարակում եմ:
Իհարկե Խարբերդը Երևանի մեջ է մտնում, իհարկե, 1997թ. օրենքով սահմանված են ընտանի կենդանիներ պահելու իրավունք ունենալու թույլտվության տուրքերը ու մեկ անգամ չէ, որ Ձեր աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են այդ հարցերը, բայց դրանք հատկապես եղել են շներ պահելու հետ կապված ու տուրքերը հիմնավորվել են նրանով, որ դրանք ծառայում են քաղաքի մաքրությանը :
Խարբերդը, թեև քաղաք է համարվում, բայց տեղյակ եք, որ մարդիկ շատ դեպքերում ապրում են գյուղական կենցաղով ու իրենց ապրուստի համար պահում են նաև թռչուններ՝ հավեր, հնդկահավեր, որոնք շատ չեն: Որպես պահակ պահում են նաև շներ, մկներին չեզոքացնելու համար պահում են կատուներ, որոնց հետ կապված ամեն ինչ իրենք են հոգում ու քաղաքային իշխանությունը դրանց ետևից մաքրելու համար ոչ մի ծախս չի անում:
Երևանի քաղաքապետարանն ունի նաև երևանցիների սոցիալական խնդիրներ հոգալու պատվիրակված լիազորություններ, որոնք այս դեպքում պետք է դրսևորվեն խարբերդցիների ստեղծածը պահպանելուն և չխանգարեն մարդկանց, ովքեր իրենց երեխաներին այդ մի քանի հավով կամ հնդկահավով են պահում կամ իրենց գույքի պահպանությունը շանն են վստահում, թաղամասում չկիրառվող դեռատիզացիան էլ կատուների միջոցով են իրականացնում:
Մարդիկ իրավացիորեն են դժգոհում այդ տուրքից, որն ընդունվել էր 1997 թվականին, բայց ուժի մեջ մտել՝ 2010 թվականից, ավագանու որոշմամբ՝ նույնպես 2010 թվականի հունվարի 1-ից փաստորեն սկսել է կիրառվել Երևանում, սակայն Խարբերդում 2015-ից են որոշել կիրառել : Փոխանցելով խարբերդցիների բողոքները, առաջարկում եմ այդ իրավական նորմի կիրառումը սառեցնել Խարբերդում, մինչև խելամիտ լուծում գտնելը, նամանավանդ, որ ամբողջ Երևան քաղաքի բյուջեի մուտքերի մեջ այս տուրքը աննշան մաս է կազմում, 2015-ին՝ ընդամենը 2.5 մլն-ին մոտ գումար:
Հարգելի պարոն Մարգարյան, եթե օրենքում փոփոխություն անելու համար ժամանակը կարճ է, իսկ խարբերդցիների բողոքը՝ տեղին, ապա լուծումը կարող եք տալ Ձեր ապագա նախընտրական ծրագրում:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
Խմբակցության անդամ