Մեր հասարակությունում, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվում է դեպի լավը: Անցած երեք օրերին ես եթերով եւ «Առավոտի» հրապարակումներով փորձում էի իմ հայրենակիցներին համոզել, որ պետք չէ չափից դուրս ոգեւորվել Ռուսաստանի քաղաքական վերնախավի «հակաթուրքական» հայտարարություններով: Այդ երկու երկրներն իրար հետ խնդիրներ ունեն Սիրիայի պատճառով, բայց պետք չէ ջուրը չտեսած բոբիկանալ եւ հույսեր փայփայել, որ այդ կռվում մեզ էլ ինչ-որ «մասնաբաժին» կհասնի: Եվ, ի դեպ, օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ փաստեմ, որ Կրեմլը չի պատրաստվում չեղյալ հայտարարել թուրքերի հետ կնքած հակահայկական Մոսկովյան պայմանագիրը:
5-10 տարի առաջ իմ այդ դիրքորոշումը բուռն դժգոհություններ կառաջացներ՝ «ախ, պատմական շանս», «ախ, դարավոր եղբայրություն» եւ այլն:
Հիմա էլ կան նման «ձայնարկություններ». հեռուստադիտողներից մեկը նեղսրտեց, որ մենք հեսա-հեսա վերադարձնում էինք ռուսների միջոցով Կարսի նահանգը, իսկ ես դրան խանգարեցի: Սակայն, բարեբախտաբար, ընթերցողների եւ հեռուստադիտողների գերակշիռ մասը ադեկվատ մարդիկ են, որոնք շատ լավ տեղեկացված են, թե ինչու է Ռուսաստանի քաղաքական գործիչների մի մասը նման հայտարարություններ անում:
Խնդիրն այն չէ, թե ռուս-թուրքական հարաբերություններում ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ, չնայած ինձ թվում է, որ Թուրքիայի ղեկավարությունն այս հարցում դրսեւորել է «ավանդական» նենգություն: Հիշո՞ւմ եք, անցած տարվա իր վերջին ասուլիսում Պուտինը խոսում էր «ցավոտ հարցերի մասին», որոնք քննարկել է Էրդողանի հետ Անթալիայում՝ 20 երկրների համաժողովի շրջանակներում, եւ որոնցում ՌԴ նախագահն ընդառաջ է գնացել Թուրքիայի ղեկավարին: Մենք՝ հայերս, դարձյալ մեր միամիտ «եսակենտրոնականությամբ», կարծեցինք, թե խոսքը Ղարաբաղի մասին է: Բայց եթե խոսքը վերաբերեր որեւէ հայտնի կոնֆլիկտի՝ Արցախին, քրդական հարցին կամ Հյուսիսային Կիպրոսին, ապա Պուտինը դրա մասին վիրավորված տոնով չէր խոսի: Հակված եմ համաձայնել արդեն հնչած այն տեսակետի հետ, որ խոսքը Սիրիայում որոշ զինված թուրքական ցեղերին չռմբակոծելու մասին էր: Եվ, ի պատասխան Ռուսաստանի բարի կամքի, Թուրքիան կործանում է ռուսաստանյան ռազմական ինքնաթիռը, եւ նույն զինված խմբերը օդում գնդակահարում են ռուս օդաչուին: Իսկապես նենգություն է:
Բայց, կրկնեմ, դրանք ռուս-թուրքական հարաբերություններ են, որոնք մեզ ուղղակիորեն չեն առնչվում: Ճիշտ նույն ձեւով՝ երբ լարվում են Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները, Կնեսետում սկսում են խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Նույն հարցը բարձրացնում են ԱՄՆ Կոնգրեսում, երբ Թուրքիան ինչ-որ խնդրում ամերիկյան շահերին ընդառաջ չի գնում: Եկեք մեկընդմիշտ արձանագրենք՝ ինքնին Հայկական հարցը ոչ մեկին, բացի մեզնից, չի հետաքրքրում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մենք դա չենք հասկացել՝ հայտնի հետեւանքներով:
…Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում իր «ազգային-ազատագրական» ճառը Մազութի Համոն արտասանել է կազինոյի սեղանին կանգնած:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե անգամ երկրի երեսին այլևս հայ ժողովուրդ չլինի, բայց Թուրքիա լինի, միևնույն է, միջազգային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության հարցը գոյություն կունենա: Իսկ եթե օրերից մի օր Թուրքիան վերանա երկրի երեսից, բայց հայը մնա, ապա Հայոց ցեղասպանոթըան հարցը դուրս կմնա միջազգային օրակարգից և կմնա միայն հայ ժողովրդի և առաջադեմ մարդկության հիշողության մեջ:
Լաւ… Հասկցանք որ զուսպ կերպով կամ նոյնիսկ թերահաւատութեամբ պէտք է մօտենալ այն վարկածին, թէ Ռուսաստանի եւ Թուրքիոյ յարաբերութիւններու խանգարումի շնորհիւ, մենք շատ բաներ պիտի շահինք: Մինչեւ այստեղ, շատ բարի, յատկապէս Հայաստանէն հնչող ձայներ մեր ընդհանուր խանդավառութիւնը շրջագծեցին, չափաւորեցին, հանդարտեցուցին, այս նիւթի կապակցութեամբ, շնորհակալութիւն:
Սակայն ահա, պէտք է որ մենք միշտ չափազանցենք, չէ ՞: Ուրեմն՝ կամաց-կամաց, զգուշաւոր մօտեցումը դարձաւ ծանր մտահոգութիւն, սթափութեան կոչը վերածուեցաւ ահազանգի, ահաւոր մտավախութեան… (Խօսքս այս նիւթի մասին այս թերթի Խմբագրականներու մասին չէ, որոնք այդքան ալ հեռու չեն երթար, այլ՝ այս եւ ուրիշ թերթերու բազմաթիւ այլ յօդուածներուն, վերլուծումներիւն, ինքնակոչ «փորձագէտների» հետ հարցազրոյցներուն) :
Ուրեմն հիմա ալ գոյացած է այն խուճապային վիճակը, թէ՝ Ռուսաստանի եւ Թուրքիոյ յարաբերութիւններու վատթարացումը… վնաս է բերելու մեզ !
Թէ, նշեալ կացութիւնը երազվածին չափ օգուտ պիտի չբերէ – կամ ել լա՜ւ, ծայրագոյն յոռետեսութեամբ՝ ոչ մէկ օգուտ պիտի չբերէ -, ճոկեցինք. բայց՝ վնաս ?!
Եւ այսպէսով, այն ինչ որ սկզբնապէս առողջ եւ խոհեմ մօտեցում էր, կը դառնայ անհեթեթութիւն: Յստակատեսութիւնը կը վերածուի, նորէն, հիւանդագին յոռետեսութեան:
Այսինք, ըստ այդ կեցվածքին՝ մեզի համար աւելի նպաստաւոր էր որ Ռուսաստանը եւ Թուրքիան ջերմ ու սիրալիր դաշնակիցներ ըլլան, քան թէ իրարու հետ խնդիրնե՞ր ունենան… Կ’անդրադառնա՞ք տեսութեան անիմաստութեան…
Իսկ տիպական, այլեւս ազգային բնաւորութեան շեշտակի գիծ դարձած՝ յուսահատութենէն եւ խաւարապաշտութենէն անդին, նաեւ կան այստեղ քաղաքական խաղեր, անշուշտ: Խմբագիրը, վերեւ, դուրս մնալու համար այդ խաղէն, զգուշութեամբ հաւասառակշռում է, ԱՄՆ-ի պարագան ալ նշելով: Սակայն այդպէս չեն անում այս նիւթի կապակցութեամբ խորին մտահոգութիւններ տարածող շատ մը այլ ձայներ… Անոնց համար, ամա՛ն, չըլլա՛յ թէ յանկարծ Ռուսաստանից մեծ օգուտ մը գայ Հայերուն ! Բոլոր ծրագիրները ջուրը կ’իյնա՛ն: Կուրօրէն Արեւմտամետ այս հոսանքին աւելցնենք աւելի տեղայնական, ճղճիմ մտածելակերպ մը մը՝ աման, չըլլա՛յ թէ յանկարծ Հայաստանի վարչակարգը յաջողութիւններ ձեռք բերէ, շնորհիւ այս կացութեան…
Այո, այսպիսի մօտեցումներով, լաւագոյն պարագային անգամ, մենք է որ ատակ չենք օգտվելու որեւէ կացութիւնից:
Ի դէպ, պատմական «վերաքաղներն» ալ մի քիչ տարօրինակ են այս նիւթին մէջ: Նուազագոյնը ընդգծելու համար՝ Համաշխարհային Առաջին Պատերազմին, ուղղակի թշնամիներ էին Ռուսերն ու Թուրքերը, եւ շնորհիւ այս հակամարտութեան է որ… գոյացաւ Հայաստանի Հանրապետութիւնը:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Փաստորեն սթափ մարդիկ դա ռուսաֆոբներն են… նրանք ՛՛տեղեկացված են՛՛, ու քանի գնում շատանում են… քաշվեցինք )))))))
Արձանագրեցինք՝
Կույր, խուլ ու համր արտաքին քաղաքականությունը ոչ մեկին, բացի մեր իշխանավորներից, կուսակցություններից, եկեղեցուց, չի բավարարում: Հայկական հարցը ոչ մեկին, բացի մի քանի հոգուց , չի հետաքրքրում: