Լրահոս
Օրվա լրահոսը

Որ քաղաքական ուժերն են ընդունում Բագրատյանի հրավերը

Փետրվար 11,2016 16:30

Ընդդիմադիրների կոալիցիան ֆանտաստիկայի ոլորտից է համարվում

Երեկ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ընդդիմադիր դաշտի ուժերին՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցություն, հրավիրում է միավորվելու եւ կոալիցիա ստեղծելու՝ պառլամենտական ընտրություններում հաղթելու նպատակով:

«Առավոտը» այս քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն պարոն Բագրատյանի առաջարկի հետ կապված եւ տեսնո՞ւմ են համագործակցության հնարավորություն: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ անձամբ Հրանտ Բագրատյանից առաջարկ չի ստացել եւ «ոտքի վրա» չի կարող արձագանքել ու գնահատել, թե այդ առաջարկի էությունն ինչ է. «Շատ լավ, Հրանտ Բագրատյանի ասածն ընդունեցի ի գիտություն, ուրիշ որեւէ բան չեմ կարող ասել»: Թե ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտի համագործակցության, համախմբման հնարավորություն տեսնո՞ւմ է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան չեմ կարող բացառել, բայց կարծում եմ, որ դեռ վաղ է խոսել նման բաների մասին»:

«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հիշեցրեց, որ մի անգամ ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու հետ կապված ասել է, որ նույն ջուրը երկրորդ անգամ չի մտնի, բայց հանուն երկրի փրկության պատրաստ է դրան. «Բագրատյանի ասածն այսօրվա Հայաստանում ֆանտաստիկայի ոլորտից է: Բայց եթե ձեր թվարկած բոլոր ուժերը համախմբվեն մի տեղ, կարծում եմ՝ ՀՀԿ-ին անելիք չի լինի: Վարչախումբը «բաժանիր, որ տիրես» սկզբունքով է գործում, եւ ձեր թվարկած ուժերի մի մասը, ինչպես գիտեք, Սահմանադրական հանրաքվեին գնացին եւ հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ, հետո մի մասը պասիվ «այո» ասացին, մի մասը չեզոք պահեցին, մի մասը «ոչ» ասացին, բայց ոչ մի բան չարեցին: Եվ այդ խառը միջավայրում համախմբումը, իրոք, ֆանտաստիկայի ոլորտից է: Որեւէ միավորում, որը հնարավորություն է տալիս ազատվելու այս վարչախմբից, ես դեմ չեմ լինի: Բայց մի պրոբլեմ էլ կա՝ ամեն անգամ մենք հայ հասարակությանը տրամադրում ենք միասնության, հասարակությունը տեսնում է միասնության խնդրի շուրջ միայն գործընթացների զարգացում, ու ստացվում է, որ իշխանությունը ներսից աշխատում է, ցանկացած հարմար պահի պառկեցնում է, ինչպես եղավ եռյակ-քառյակի դեպքում: Նման բաներ շատ են եղել: Դրա համար նորից սին հույսերով մեր հասարակությանը կերակրելը վտանգավոր է: Մենք պետք է գնանք այլ ճանապարհով՝ այն ուժերը, որոնք հստակ տրամադրված են իրավիճակ փոխելու, երկիրն ազատագրելու այս վարչախմբից, այդ ուժերի համախմբման: Դրանք շատ չեն: Կարելի է գնալ ավելի ռեալ ճանապարհով՝ Մարտի 1-ին հասարակության մեջ ընդդիմություն ընկալվող ուժերին բերել հրապարակ: Առաջին քայլը հաշվում ենք արված»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Հարգանքով եմ վերաբերվում պարոն Բագրատյանի առաջարկին, շատ տրամաբանական առաջարկ է եւ քննարկման ենթակա է: Բայց զարգացումներն ինչպիսին կլինեն՝ դժվարանում եմ ասել, որովհետեւ կոնկրետ «Ժառանգությունը» եվրոպական ինտեգրման կողմնակից է, այդ գծի կրողը: Շատ հարցեր կան: Քննարկման ժամանակ պետք է նաեւ արտաքին քաղաքականության կողմնորոշումը հաշվի առնվի, ի՞նչ ենք անելու, եթե, ասենք, ընդդիմության այդ կոալիցիան մեծամասնություն եղավ՝ ամեն մեկս պետք է մի բան ասենք ու քանդվի՞ դա: Մենք ԵՏՄ անդամակցության դեմ արմատական պայքարի դիրքերից հանդես եկանք: Նախագահական ընտրություններին հետընտրական փուլում, նախընտրական փուլում Րաֆֆի Հովհաննիսյանը շատ մեծ աջակցություն չստացավ: Բայց ցանկացած պարագայում մենք առաջ ենք նայում, եւ եթե որեւէ ձեւաչափով հնարավորություն ենք տեսնում պայքարել իշխանությունների դեմ, մենք միշտ պայքարում ենք: Պաքարում ենք բոլոր այն ուժերի հետ, ովքեր իրավիճակն ուզում են փոխել, նույնիսկ եթե ԵՏՄ-ին կողմ են եղել: Օրինակ՝ եռյակի ձեւաչափում ըստ էության դա արել ենք: Մեր արտաքին խնդիրների արմատը մեր ներքին խնդիրներն են: Քանի որ չունենք նորմալ ներքին քաղաքականություն, բնական է, որ մենք արտաքին ճիշտ քաղաքականություն էլ չենք կարող ունենալ: Մեր ներքին խնդիրները լուծելու համար էլ համագործակցում ենք բոլոր այն ուժերի հետ, ովքեր դրանց լուծման կողմնակից են»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ ասաց, որ նման բոլոր որոշումները կուսակցության վարչության 13 անդամի քվեարկությամբ պետք է կայացնեն. «Մեզ մոտ գոնե որոշումները հաստատ ընդունվում են կոնսենսուսային քվեարկությամբ: Մենք հո մարդ կուսակցությո՞ւն չենք, որ մեզ ու մեզ հայտարարենք, պետք է անդամները որոշեն: Իմ անձնական կարծիքով՝ կոալիցիան, իհարկե, տեսականորեն լավ բան է, բայց, այնուամենայնիվ, կոալիցիոն համագործակցությունից առաջ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է մտածեն, թե ինչ ուղղությամբ կարող են համագործակցել: Արդեն ուրվագծվում է, որ ընդդիմադիրները պետք է միաբանվեն՝ ընտրակեղծիքներ թույլ չտալու շուրջ, սա այն մարտավարությունն է, որն ակնհայտ է: Բայց մնացած հարցերի համար լուրջ կոնսուլտացիաներ են պետք»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29