Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ երաշխիք, որ «գույք պարտքի դիմաց» գործարքներ չեն լինի

Փետրվար 11,2016 16:00

ՌԴ-ն կարո՞ղ է ՀՀ իշխանավորներին ստիպել գազի տարանցման որեւէ ծրագրի չմասնակցել

Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռաիսին մի առիթով անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին՝ նշել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու ուղի կա` թուրքական եւ հայ-վրացական: Հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանով նման ծրագրի իրականացումը:

Թեհրանն այսօր առաջին քայլերն է իրականացնում իր նավթն ու գազը արտահանելու ուղղությամբ: Իրանն ու Հայաստանն, ինչպես հայտնի է, ստորագրել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման պայմանագիր: Բայց հայտնի է, որ բարձրավոլտ էլեկտրագծի շահագործման իրավունքը եւս կառավարության որոշմամբ հանձնվել է ռուսական կողմին:
Մենք, կարծես, նպատակասլաց ամեն ինչ անում ենք, որ մեր երկրի ցանկացած ոլորտում վճռորոշ որոշումները կայացնի բացառապես ռուսական կողմը, այն էլ այսօրվա Ռուսաստանը, որը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէ:

Իրանից պատժամիջոցները չեղարկվեցին, եւ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարող Իրանի եւ արեւմտյան երկրների տպավորիչ համագործակցությանը` բազմամիլիոնանոց ու բազմամիլիարդանոց համաձայնագրերին խոչընդոտել, առավել եւս դրանք խափանել: Ստացվում է, որ մեր տարածաշրջանում ռուսական մենաշնորհի «բարիքներից» առավելապես Հայաստանն է տուժում, քանի որ եթե Ռուսաստանը մեր տարածաշրջանում ինչ-որ նախագծերով նույնիսկ հետաքրքրված էլ լինի, ապա բացառապես իր շահերից ելնելով է գործելու, ոչ թե Հայաստանի:

Սրա արդյունքում Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի, եթե Հայաստանի իշխանությունը չփորձի սեղմ ժամկետներում փոխել իրավիճակը` Ռուսաստանի հետ փոխհարաբերություններն իրապես փոխշահավետ գործընկերային դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

Հարավային Կովկասն այսօր իրանական գործոնը հաշվի առնելով՝ այլ գրավչություն է ձեռք բերել ողջ աշխարհի համար, սա պետք է գիտակցեն Հայաստանի իշխանավորները եւ նախեւառաջ՝ Հայաստանի շահերը ելակետային համարեն` ռուսական կողմի հետ նոր պայմանավորվածությունների գալով:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Tert.am-ի հետ զրույցում օրերս անդրադարձել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հայտարարությանը, որ Վրաստանն ապագայում հնարավոր է գազ գնի Իրանից միայն Ադրբեջանով ու Հայաստանով։ Հարցին, թե Ռուսաստանը դեմ կլինի՞, դեսպանը պատասխանել է. «Իրանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ համագործակցությունը այդ երկրների միջեւ բանակցությունների առարկա են։ Ռուսաստանը եղել ու մնում է տարածաշրջանի գազի հիմնական մատակարարը։ Թե ինչպիսին կլինեն սխեմաներն ապագայում՝ ցույց կտա ժամանակը»։

Ահա այսքանը: Իսկ կա՞, օրինակ, երաշխիք, որ եթե նույնիսկ Ռուսաստանը ձեւականորեն չխոչընդոտի Իրան-Հայաստան նոր գազատարի կառուցմանը, այն մի գեղեցիկ օր չի հանձնվի Ռուսաստանին` հերթական «գույք պարտքի դիմաց» գործարքի ձեւով: Չկա՛: Իսկ ռուսական կողմը կարո՞ղ է Հայաստանի իշխանավորներին ստիպել, որ, օրինակ, գազի տարանցման որեւէ ծրագրի չմասնակցեն: Կարո՛ղ է: Ինչպես ասում են` խնդիրը մեր մեջ է:

Թբիլիսիի եւ «Գազպրոմի» բանակցություններն ու Բաքվի զարմանքը

Հունվարի կեսերին հայտնի դարձավ Վրաստանի էներգետիկայի նախարարի եւ «Գազպրոմի» ղեկավարության միջեւ հերթական՝ գաղտնի բանակցությունների մասին։ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հաստատեց հանդիպման փաստը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները բավական արագ արձագանքեցին ռուս-վրացական բանակցությունների մասին լուրերին՝ չթաքցնելով զարմանքը։ «Ադրբեջանը ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի գրեթե 80 տոկոսը։ Երկու երկրների միջեւ երկարաժամկետ պայմանագրեր կան կնքված։ Հստակ է, որ խնդիրը SOCAR-ի մատակարարումները չեն»,- գրել էր «Trend»-ի մեկնաբանը՝ նշելով, որ Վրաստանը տարեկան սպառում է մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ, տարեկան պահանջարկի աճը ընդամենը 8-10 տոկոս է, եւ SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հեշտությամբ կարող է դա ապահովել։ Բաքվում չէին բացառում, որ Վրաստանը նման բանակցություններով փորձում է գազի շուկայում մրցակցության տպավորություն ստեղծել՝ նպատակ ունենալով SOCAR-ին ստիպել իջեցնել Վրաստանին տրվող գազի գինը, որը հիմա էլ բավականին ցածր է։ «Trend»-ի մեկնաբանը շեշտել էր՝ եթե Վրաստանը, այնուամենայնիվ, համաձայնության գա Ռուսաստանի հետ, ադրբեջանական գազը միեւնույն է՝ պահանջված կլինի. «Այդ նույն ծավալները, որ հիմա օգտագործում է Վրաստանը, Ադրբեջանը կուղղի դեպի Թուրքիա կամ Եվրոպա եւ կվաճառի ավելի թանկ։ Ե՛վ Թուրքիան, ե՛ւ եվրոպական երկրները միայն ուրախ կլինեն ռուսական գազին այլընտրանք, լրացուցիչ ծավալներ ստանալու համար»։

Կփոխարինի՞ Վրաստանը ադրբեջանական գազը ռուսականով՝ վերջին շաբաթներին ադրբեջանական մամուլում քննարկվող ամենակարեւոր թեմաներից մեկն է: Ի դեպ, ուշագրավ էր ադրբեջանական կայքերից մեկի դիտարկումն այն մասին, որ ԱՄՆ-ը «աջակցում է հակաադրբեջանական բանակցություններին Վրաստանի հետ»: Նման գնահատականի համար հիմք էր ծառայել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի այն գնահատականը, թե որեւէ զարմանալի բան չկա, որ պաշտոնական Թբիլիսին բանակցում է «Գազպրոմի» հետ, քանի որ Վրաստանը չպետք է կողմնորոշված լինի բացառապես մեկ մատակարար ունենալու, թեեւ դեսպանն ընդգծել էր, որ Վրաստանը «Գազպրոմի» հետ բանակցություններում պետք է պահպանի երկրի էներգետիկ անկախությունը:
2016-ին Ադրբեջանն ի վիճակի չի լինի բավարարել Վրաստանի գազի ողջ պահանջարկը, հունվարի կեսերին Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հետ Թբիլիսիում կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: «Մենք քննարկեցինք ստեղծված կացությունը, տեխնիկական մի շարք խնդիրներ, գազի սպառման այն անհամաչափությունը, որը առկա է ամռան եւ ձմռան ամիսներին: Այսօր Ադրբեջանից Վրաստան եկող երկու գազատարներն էլ աշխատում են առավելագույն տարողունակությամբ: Չնայած այդ հանգամանքին՝ Ադրբեջանն ապագայում եւս ի վիճակի չի լինի լրացնել գազի այն պակասորդը, որ առկա է մեր երկրում: Մենք շարունակելու ենք այդ պակասորդը լրացնել «Գազպրոմ»-ի մատակարարումների միջոցով»,- նշել էր նախարարը:

Այսօր վրացական կողմը փորձում է համոզել ադրբեջանցի գործընկերներին, որ վառելիքի աղբյուրների դիվերսիֆիկացումը զուտ տնտեսական քայլ է, ոչ թե քաղաքական: «Կուզեի նախեւառաջ ընդգծել, որ չնայած վերջին շրջանում նկատվող քաղաքական շահարկումներին՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ համագործակցությունը Վրաստանի համար շատ կարեւոր նշանակություն ունի: Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, եւ մենք պատրաստ ենք համագործակցել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ», – SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հետ բանակցություններում նկատել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Սակայն, կարծես, կողմերը այդպես էլ որեւէ հստակ որոշման չեն հանգել, որը կբավարարեր թե՛ Թբիլիսիին, թե՛ Բաքվին:

Թեհրանը ՀՀ տարածքով գազ է ցանկանում արտահանել Վրաստան

Անցյալ ամիս Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարեց, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Ըստ նախարարության պաշտոնական կայքի՝ Քամելին ասել էր, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչեւ 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որեւէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու:

«Ազատություն» ռ/կ-ի իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը փոխանցել էր, որ Թեհրանում կարծում են՝ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը. «Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն` նոր գազամուղ եւ այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաեւ Հայաստանից Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա»:

Իրան-Հայաստան գազատարը շահագործման է հանձնվել 2007-ին: Չնայած ի սկզբանե նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1400 միլիմետր, սակայն, շատերի համոզմամբ՝ Ռուսաստանի ճնշմամբ Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնը ապահովել մինչեւ 2 միլիարդ խորանարդ մետր գազ՝ մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում: Սակայն անցյալ տարվա հունիսին անակնկալ հայտնի դարձավ, որ գազատարն առաջիկայում վաճառվելու է ռուսաստանյան «Գազպրոմ»-ին, որին նախորդ տարիներին վաճառվեց ողջ «ՀայՌուսգազարդը»: Ընդ որում, պարզվեց, որ հայ-իրանական գազամուղի առքուվաճառքի նախնական պայմանագիրը կնքված է եղել հենց շահագործման տարում՝ 2007-ին՝ մոտ 40 միլիոն դոլարով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29