Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն բնույթի 616 հանցանք է գրանցվել, բայց ընդամենը 230 գործ է ուղարկվել դատարան

Փետրվար 11,2016 15:30

2015 թվականին ոստիկանությունը ամբողջ հանրապետությունում 17 հազար 43 տարբեր տրամաչափի հանցագործ է բռնել: Այս ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)՝ ըստ ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության: ԱՎԾ հրապարակման համաձայն՝ անցյալ տարի գրանցված հանցագործությունների թիվը 2014 թվականի համեմատ նվազել է. 2014-ին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը կազմել է 17.546:

2,9 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի համար 17 հազարից ավելի կատարված հանցագործությունը շատ է, թե քիչ՝ դժվար է ասել, սակայն նկատենք, որ դրանք միայն ոստիկանության կողմից գրանցված հանցագործություններն են, որոնք հետո պիտի այլ իրավապահ մարմիններին ուղարկվեին, թե քանիսն են դատարանի դահլիճից ազատվել կամ ասենք՝ գործը կարճվել՝ վիճակագրություն չկա:

Անցյալ տարի ընդհանուր գրանցված 17 հազար 43 հանցագործություններից ոչ մեծ ծանրության հանցագործությունները եղել են 9.178, միջին ծանրությանը՝ 4.462, ծանր հանցագործությունները՝ 3.238, առանձնապես ծանրը՝ 3.238:
Պաշտոնական տվյալներով՝ մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 4.973:

Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ անցյալ տարի ոստիկանությունը գրանցել է 1076 հանցագործություն, իսկ 2014-ին ավելին է եղել՝ 2212: Նշված հանցագործություններից են, ըստ ԱՎԾ-ի, պաշտոնական լիազորություններ չարաշահելը եւ անցնելը. այս հանցատեսակով ոստիկանությունը նախորդ տարի 168 հանցագործություն է գրանցել, 2014-ին՝ 152: Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ հանցագործության տեսակներից է նաեւ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը. այս հանցատեսակներից գրանցվել է 97 դեպք, 2014-ին՝ 66:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները 2015 թվականին կազմել են 816, 2014 թվականին այս տիպի 870 հանցագործություն է գրանցվել: Տնտեսական 816 հանցագործություններից 371-ը եղել է կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը: 445 հանցագործությունն էլ բնութագրվել է որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ, թե մասնավորապես այդ «այլ»-ը ինչ տեսակի հնացագործություններն են՝ ԱՎԾ-ն չի մանրամասնում:

Անցյալ տարի 49 հանցագործություն դասվել է «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հանցատեսակի խմբում, իսկ 2014-ին՝ 32: Կարելի է ասել, լավ կյանքից չէ, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ 49 հանցանք է գրանցվել:
Իսկ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները 2015-ին կազմել են 762, 2014-ին՝ 1.962:

ԱՎԾ-ն իրավախախտումներ բաժնում ներկայացրել է նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակը, ըստ որի՝ ընդհանուր հանցագործությունների մեջ որպես կոռուպցիոն բնույթի հանցանքներ անցյալ տարի ոստիկանությունը գրանցել է 616 դեպք, իսկ 2014-ին՝ 599: Այդ 616 կոռուպցիոն հանցագործություններից ընդամենը 325-ն է քրեական պատասխանատվության (հետապնդման) ենթարկվել, որոնցից 128-ը պաշտոնատար անձ է եղել, պատասխանատվության ենթարկված այդ 325-ից 230-ի գործն է ուղարկվել դատարան, սրանցից էլ ընդամենը 100-ն են պաշտոնատար անձինք:
Առանձին ցանկով ԱՎԾ-ում ներկայացված է գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակն ըստ հանցատեսակների: Ըստ այդմ, պետական պաշտոնյաների կողմից կատարված կոռուպցիոն հանցանքներն, ինչպես վկայում են ԱՎԾ ցուցանիշները, այնքան էլ շատ չեն: Օրինակ՝ անցյալ տարի խարդախությունը` պաշտոնական դիրքն օգտագործելով, գրանցվել է ընդամենը 2 հանցագործություն, վարույթում գտնված քրեական գործերով ու նյութերով հանցագործություններն էլ են 2-ը: Խարդախությունը` կաշառք ստանալու պատրվակով, եւս չնչին քանակի հանցագործություն է գրանցվել՝ 3, վարույթում գտնված քրեական գործերով ու նյութերով հանցագործությունները կրկին 3-ն են: Իհարկե, սա չի խոսում այն մասին, որ կաշառք վերցնող խարդախներն ընդամենը 3-ն են մեր հանրապետությունում, պարզապես այս 3-ն են բռնվել:

Ուշագրավ են պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերի ցուցանիշները. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կամ վատնում դեպքով գրանցվել է 30 հանցագործություն, իսկ նույն հանցատեսակով վարույթում է գտնվում՝ 40-ը: Յուրացում կամ վատնում խոշոր չափով գրանցվել է 55 հանցագործություն, նույն հանցատեսակի 93 գործ էլ գտնվում է վարույթում: Առեւտրային կաշառք հանցատեսակով 4 դեպք է գրանցվել, սակայն վարույթում է գտնվում 7 գործ:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մաքսանենգություն՝ այս տեսակի ընդամենը 10 հանցագործություն է գրանցվել, վարույթում են գտնվում 12-ը: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով 99 հանցագործություն է գրանցվել, վարույթում են գտնվում՝ 122-ը, իսկ պաշտոնեական լիազորություններն անցնելու 69 հանցագործություն է գրանցվել, վարույթում է գտնվում 74 գործ:
Ինչպես գրված է ԱՎԾ հրապարակման մեջ, կաշառք ստանալու հանցատեսակով 50 դեպք է գրանցվել, վարույթում է գտնվում 76 դեպք:

Որպես կաշառք տվող 37 հանցագործություն է գրանցվել, 41-ը վարությում են: Կաշառքի միջնորդություն հանցատեսակով 2 դեպք է գրանցվել, 3-ը վարույթում են: Պաշտոնեական կեղծիք հանցատեսակով 94 դեպք է գրանցվել, 114-ը վարույթում են:
Հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի, պաշտպանի կողմից ապացույցներ կեղծելը հանցատեսակով 2 դեպք է գրանցվել, վարույթում է գտնվում կրկին 2 գործ: Նշենք, որ վարույթում գտնվող գործերը ոստիկանությունում գրանցվածներից ավելի են, այսինքն՝ վարույթում կան գործեր, որոնք հնարավոր է՝ դեռ նախորդ տարիներից են մնացել:
Պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը՝ 1 հանցագործություն գրանցվել է, 1-ը վարույթում է, դատական ակտը չկատարելու հանցագործության 10 դեպք է գրանցվել, վարույթում է կրկին 10 գործ:

Նկատենք, որ կոռուպցիոն բնույթի վերը նշված հանցագործությունների թիվն այնքան հուսադրող չէ՝ այն իմաստով, որ կառավարությունը մշտապես պայքարում է կամ, կարելի է ասել՝ պայքարի իմիտացիա է անում կոռուպցիայի դեմ, անցյալ տարի էլ նույնիսկ խորհուրդ է ստեղծել՝ խստագույնս պայքարելու համար, բայց բռնված «կոռուպցիոներների» թիվը մեծ չէ: Ընդ որում, պարզ էլ չէ՝ բռնվածներից քանիսն են ազատազրկված, քանիսը՝ շնորհիվ կոռուպցիայի՝ ազատության մեջ: Եվ քանի որ տարբեր միջազգային կառույցները կոռուպցիոն ռիսկերն ու կոռուպցիայի մակարդակը մեր երկրում բարձր են գնահատում, ապա տարվա մեջ մի քանի մանր-մունր «ձկներին» բռնելը ՀՀ նախագահի հանձնարարած՝ «գլխից բռնելը» չէ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29