Ռուսաստանից Հայաստան կանչված Անդրանիկ Հախվերդյանը «ՎեդիՇին» ՓԲ եւ «Մոնտաժտրանսշին» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրեն Գրիգոր Սեդրակյանի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ պետք է կատարեր շինարարական աշխատանքներ: Այն ավարտելուց հետո, Վեդիի կուլտուրայի տան նախագահ Սերժ Սարգսյանի այցից, բացման արարողությունից հետո վճարվելու էր:
2013թ. մայիսից Անդրանիկ Հախվերդյանն ալյումինե բազրիքներ էր պատրաստել, որը հավանության էր արժանացել տնօրենի կողմից:
Աշխատանքների համար տնօրենը պետք է վճարեր 1 միլիոն 500 հազար դրամ գումար, այն էլ 2013թ. հունիսի 1-ին:
Այսօր 2016թ. փետրվարի 10-ն է, եւ իր կատարած աշխատանքների համար Ա.Հախվերդյանը մի քոռ լումա չի ստացել: Առանց պատճառաբանության:
Ա.Հախվերդյանը մինչ կդիմեր Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, իր գումարի համար գնացել է անգամ մեծահարուստի կենցաղով ապրող տնօրենի տուն, նրա որդու՝ Շենգավիթ համայնքի դատախազության դատախազ Հայկ Սեդրակյանի աշխատավայր, սակայն անօգուտ:
Դիմել է գլխավոր դատախազին, մարզի դատախազին: Անօգուտ:
Իսկ Արարատի մարզի քննչական բաժանմունքում, երբ նախապատրաստվում էին նյութեր քրեական գործ հարուցելու մասին, բաժանմունք ներկայացած տնօրենը տալիս է պարտավորագիր՝ գումարը վերադարձնելու խոստմամբ:
Ըստ այդ պարտավորագրի, նա աշխատավորի գումարը պետք է տար մինչեւ 2014թ. ապրիլի 30-ը. «ընդ որում՝ դա առավելագույն ժամկետն է»: Ի դեպ, նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի ձեռքի տակ է հայտնվում նաեւ մարզպետարանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից անցկացված ստուգման արդյունքները, որով պարզվել էր, որ Վեդիի կուլտուրայի պալատի հիմնանորոգման նախահաշվային փաստաթղթերում կնքված պայմանագրի գումարը նախահաշվային արժեքից գերազանցել է 3.119. 600 ՀՀ դրամով, որի արդյունքում, 15.06.2011թ. պայմանագրով Վեդի քաղաքի մշակույթի պալատի հիմնանորոգման ընթացքում կապալառու «Մոնտաժտրանսշին» ՓԲ ընկերությանը ՀՀ պետբյուջեից փոխանցվել է 3.119. 600 ՀՀ դրամ ավելի գումար, որի հետեւանքով «Հայաստանի Հանրապետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է էական վնաս»: Սակայն, երբ որոշվել է կարճել այս գործի հարուցումը, պարզ չի դարձել, թե պետությանը պատճառված էական վնասի «մասով» ի՞նչ է ձեռնարկել քննչականը:
Անդրանիկ Հախվերդյանը մարզի դատարան դիմելով՝ խնդրել է հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն 500 հազար դրամ գումարը:
Դատարանը 2014թ. օգոստոսի 27-ին հայցը բավարարում է մասնակի. վճռում է Գրիգոր Սեդրակյանից հօգուտ Անդրանիկ Հախվերդյանի բռնագանձել 1 միլիոն 530 հազար ՀՀ դրամ, որպես չկատարված պարտավորության գումար, իսկ 30 հազար դրամը՝ որպես պետական տուրքի գումար:
Գումարը չվճարելու պատճառաբանություններից մեկն այն էր, որ իբր պետությունը գումար չի վճարել, մինչդեռ, պետության կողմից մրցույթում հաղթած տնօրենը ստացել էր բավական մեծ գումար: Նախահաշվի արժեքը կազմել է 80.682.270 ՀՀ դրամ: Նախաքննությամբ ավագ քննիչ Հովհաննիսյանը «հիմնավորել էր», թե թույլ տրված սխալներն անփութության արդյունք են, որի հետեւանքով պետությանը կամ որեւէ ֆիզիկական, իրավաբանական անձի վնաս չի պատճառվել:
Դատարանը նաեւ փաստել էր, որ ոստիկանության բաժնում Գրիգոր Սեդրակյանի կողմից տրված պարտավորագրով տնօրենը ընդունել է աշխատավորի նկատմամբ իր պարտավորությունը, իսկ այդ պարտավորությունն անվիճելի է:
Դատարանն անդրադարձել էր նաեւ այն խնդրին, որ Սեդրակյանի համար առաջացել է «ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելու համար այդ գումարի նկատմամբ հաշվեգրվող տոկոսներ վճարելու պարտավորություն»:
Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, դատական ակտերի հարկադիր կատարողները հարուցել են կատարողական վարույթ, ԴԱՀԿ մասին օրենքով կատարման համար: Կատարողական ծախսը կազմում է 76 500 դրամ:
Հարկադիր կատարողները «հայտնաբերում» եւ արգելադրել էին Վեդիում առկա բնակելի հողատարածքը, Փոքր Վեդիի երկու միավոր գյուղնշանակության հողամասերը, ավտոտնակը, Երեւանի Ուլնեցու փողոցում գտնվող շինությունն ու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Սակայն այս ժամանակահատվածում արգելադրված գույքը՝ Ուլնեցու փողոցի վրա գտնվող շինությունը վաճառվում է, այն էլ նոտարական վավերացմամբ, 10 միլիոն դրամով, ինչի կապակցությամբ ներկայումս հաղորդում կա Քանաքեռ-Զեյթունի քննչականում:
Ավելի խայտառակ զարգացում էլ սպասվում էր կրկին Արարատի մարզի դատարանում:
2015 թվականի նոյեմբերի 16-ին դատարանը լսելով «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության դիմումը Գրիգոր Սեդրակյանի դեմ, բավարարում է դիմումը, սնանկ ճանաչելով դատախազի հորը:
Մի արգելք էլ դրվում է բանկի պահանջով: Բանկը հիմնավորել էր, թե բանկի եւ Սեդրակյանի միջեւ կնքվել է կրեդիտավորման եւ ոսկյա իրերի գրավի պայմանագիր, նրան տրամադրվել է 1.068.000 դրամ վարկ, որը պետք է մարվեր մինչեւ 15.08.2013 թվականը: Տարեկան 23 տոկոս վճարելու պայմանով:
Սեդրակյանը, ըստ նոր պարտքատիրոջ, մինչ օրս չի կատարել իր վարկային պարտավորությունները, որոնք կազմել են 1.493.238,50 դրամ:
Առաջին տուժողը՝ Հախվերդյանը, կասկածի տակ է առնում սնանկության մասին այս որոշումը, ասելով՝ «սնանկ են ճանաչել, որպեսզի չվճարի իմ նմանների դառը քրտինքով վաստակած գումարները»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.02.2016