Լրահոս
Օրվա լրահոսը

Տհաճ իրավիճակ՝ Տնտեսագիտական համալսարանի մասնագիտական խորհրդում

Փետրվար 11,2016 14:30

Նախագահը չի ցանկանում, որ ողջ մեղքը բարդվի միայն խորհուրդների վրա

Գիտական աստիճանների առումով ռեկորդակիրը տնտեսագիտության ոլորտն է: 2015-ին 93 գիտությունների թեկնածու եւ 5 գիտությունների դոկտոր է «մկրտվել»: Ոլորտը գիտական աշխատանքների սայթաքումների թվով էլ առաջատար է: Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) փետրվարի 9-ին հրապարակել է չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների նոր «խմբաքանակ»: «Խոտանված» 11 աշխատանքներից 7-ը տնտեսագիտության ոլորտից է, 1-ական աշխատանք՝ բժշկագիտությունից ու լեզվաբանությունից, 2-ը՝ մանկավարժությունից: Անորակ աշխատանքների թվով ռեկորդակիրների թվում է տնտեսագիտությունից գիտական աստիճաններ շնորհող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհուրդը:

«Առավոտը» թեմայի վերաբերյալ զրուցեց խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանի (լուսանկարում) հետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված տնտեսագիտության ոլորտի չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների մեծ թիվը: Պարոն Սուվարյանի ձեւակերպմամբ, տնտեսագետ կադրերի պահանջարկը շատ մեծ է, ու չնայած սրան, խորհուրդները ստանում են դիսերտացիաներ, որոնք պատշաճ մակարդակով չեն կատարված: 014 մասնագիտական խորհրդի նախագահը մտահոգված է, ասում է՝ շատ են հայցորդ ձեւակերպվում այս կամ այն հաստատությունում:

«Առաջիկայում ասպիրանտուրայի նոր կարգը պետք է հաստատվի կառավարությունում, եւ առաջարկվել է՝ հայցորդների ձեւակերպման կարգը խստացնել: Մարդիկ դժվարությամբ ընդունվում են ցերեկային ասպիրանտուրա, գրեթե առանց դժվարության ձեւակերպվում որպես հայցորդ: Խորհուրդներն էլ իրավունք չունեն նրանց աշխատանքը չվերցնել, ընդունում են, ընկնում կրակը: Օրինակ, ձեր նշած երեքի մեջ մեկը դեկանատի շարքային աշխատող է, կապ չունի գիտության հետ, բայց ձեւակերպվել է հայցորդ եւ բնականաբար նորմալ աշխատանք չէր կարող ներկայացնել: Խորհուրդներն էլ նման պարագայում դժվարին կացության մեջ են հայտնվում: Պետք է մուտքը դեպի ասպիրանտուրա եւ հայցորդություն՝ խստացվի, խստացվի նաեւ ղեկավարների, ամբիոնների, բաժինների գործունեությունը, թե չէ ամեն մի անմակարդակ գիտական աշխատանք կարող է հասնել խորհուրդ: Խորհուրդն էլ հայտնվում է ծանր կացության մեջ, խորհուրդն ի՞նչ անի: Հիմա խորհրդի քարտուղարի հետ նստած փորձում ենք ներկայացված դիսերտացիաներից ջոկել նրանք, որ քիչ թե շատ հուսալի են: Այնպես որ, պատճառները միայն խորհրդով չեն պայմանավորված, թե ասպիրանտուրա մուտքի, թե հայցորդների խստացման, կատարած աշխատանքների նկատմամբ պատասխանատվության բարձրացումն է կարեւոր: Երբեմն քննարկվում են, երաշխավորվում աշխատանքներ, որոնք հաճախ պահանջներին չեն համապատասխանում, եւ վիճակը նույնն է բոլոր օղակներում: Խորհրդային տարիներին մասնագիտական խորհուրդն իրավունք ուներ ստանալով աշխատանքը՝ հետ ուղարկել քննարկման, հիմա իրավունք չունի որեւէ աշխատանք ուղարկել որեւէ ամբիոն քննարկման: Ինչ կա ընդունում ենք, ընկնում կրակը: Դա տհաճ իրավիճակ է ստեղծում»:

Իսկ Հայաստանին արդյո՞ք պետք են այդքան մեծ թվով գիտությունների թեկնածու եւ դոկտոր տնտեսագետներ: «Եթե խնդիրը դիտարկենք բարձր մակարդակի կադրերի տեսանկյունից, ապա վատ չի լինի, որ ունենանք բարձր որակավորմամբ մասնագետ կադրեր: Բայց դա ուրիշ խնդիր է: Ըստ պաշտոնական վիճակագրության, ասպիրանտուրայի շրջանավարտների 26%-ը տնտեսագիտության մասնագիտությամբ են: Այսինքն՝ ասպիրանտուրայի շրջանավարտների 1/4-ը տնտեսագետներ են, եւ բնականաբար նաեւ դիսերտացիա պաշտպանողները: Մինչդեռ լավ կլինի, որ շատ պաշտպանեն նաեւ քիմիկոսները, մաթեմատիկոսները, մյուս ոլորտների ներկայացուցիչները եւ ոչ թե միայն իրավաբաններն ու տնտեսագետները: Դա այդքան էլ դրական երեւույթ չէ; Եվ ես՝ որպես այս երկրի քաղաքացի, կցանկանայի, որ ասպիրանտուրայի շրջանավարտների 26%-ը տնտեսագետներ չլինեին, քանի որ դա չի բխում մեր երկրի շահերից: Թող գիտնականները շատ լինեն, բայց այնպիսի համամասնությամբ, որքան անհրաժեշտ է մեր երկրին»,- ասաց Յուրի Սուվարյանը: Նաեւ շեշտեց, որ բոլոր օղակները պետք է լավ աշխատեն, որպեսզի խորհուրդն էլ լավ արդյունք տա:

Հավելենք, որ անցյալ տարվա վերջին, մասնագիտական խորհուրդների գիտքարտուղարներին հրահանգվել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցորդների որակավորման գործերն ընդունելիս խստորեն հետեւել Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 10-րդ կետի պահանջներին, այն է՝ «Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունների համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում առանց համահեղինակների՝ երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում՝ առնվազն մեկ հոդված Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որեւէ մեկում եւ մեկ հոդված՝ առանց համահեղինակների»: Չնայած գրավոր հրահանգներին ու զանազան օրենքներին, բարձրաստիճան չինովնիկներին հանգիստ չի տալիս «գիտնականանալու» մոլուցքը, նրանք դիսերտացիաներ են պաշտպանում՝ առանց Web of Science կամ Scopus շտեմարանների մասին լսած լինելու: Այդ մարդկանց անունները թվարկելու կարիք չկա, բոլորն էլ գիտեն՝ ով ով է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Տնտեսագիտական համալսարանի կայքի:

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29