Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետբուհական կրթությունը՝ ԽՍՀՄ-ի ասպիրանտական կրթության սկզբունքներով

Փետրվար 11,2016 14:00

Որքան էլ տարօրինակ հնչի, մեր հանրապետությունում գործող հետբուհական կրթությունը գրեթե բարեփոխումների չենթարկվեց եւ դեռեւս իներցիոն ուժով կազմակերպվում է Խորհրդային միության անցյալ դարի ասպիրանտական կրթության սկզբունքներով: Չգիտես ինչու, չենք կարողանում հրաժարվել ասպիրանտական մասնագիտությունների ծածկագրումից, պաշտպանության համար ձեւավորվող ընդարձակ մասնագիտական խորհուրդներից, երկաստիճան գիտական աստիճանաշնորհման (գիտությունների թեկնածու, դոկտոր) համակարգից, որոնք չեն կիրառվում արեւմտյան դոկտորանտուրայի համակարգում:

Դոկտորանտուրայում ձեւավորվում է ոչ միայն գիտական նորույթ, այլեւ պատրաստվում են գիտական կոչում ունեցող շրջանավարտներ, որոնք պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Ընդ որում, շրջանավարտները ոչ միայն համալրում են համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այլեւ աշխատանքի են անցում ինդուստրիալ ոլորտում: Այս առումով, դոկտորական ծրագրերը մրցունակ են դառնում, երբ հետազոտողներ են պատրաստում ոչ միայն ակադեմիական, այլեւ ինդուստրիալ ոլորտի համար: Հետեւաբար, կարեւորվում է, որ շրջանավարտ հետազոտողը դասավանդման, մեթոդաբանական հմտություններից բացի, նաեւ ունենա ստեղծարար կարողություններ, որպեսզի բավարարի գործատուի պահանջները:

Արեւմտյան երկրներում ամենատարածված ասպիրանտական աստիճանը փիլիսոփայության դոկտորն է (Doctor of Phiolosophy/ Phd), որի կիրառումը դեռեւս տարակարծությունների առիթ է տալիս մեր իրականությունում: Այստեղ, «փիլիսոփայություն» բառը ավելի լայն պետք է մեկնաբանել, քան «փիլիսոփայություն» գիտակարգը: Հին Հունաստանում այդ բառը մեկնաբանվում էր որպես «սեր գիտելիքի հանդեպ», որը կարելի է կիրառել ներկայիս ցանկացած ակադեմիական ոլորտում:
Ավելին, ներկայումս մեր ասպիրանտուրայում կիրառվում է Խորհրդային միությունից ժառանգած ասպիրանտական մասնագիտությունների ցանկը, որը չափազանց դետալացված եւ ծածկագրված է ոչ միայն ըստ ոլորտների, այլեւ ըստ ենթաոլորտների: Նման պրակտիկայի կիրառումը նախկինում մեկ նպատակ էր հետապնդում` խմբավորել գիտության մեջ ձեռք բերված նորույթները ըստ գիտական նեղ ուղղությունների, դրանք ծածկագրել, հաշվառել, արխիվացնել եւ պետական պահանջարկի առկայության պարագայում դնել գործնական կիրառության մեջ: Բնականաբար, ներկայումս այս պրակտիկան պետք է հնացած համարել եւ ոչ կիրառելի, քանի որ մեր իրականությունում պետությունը հետազոտական ոլորտի միակ շահառուն չէ եւ ինովացիոն պահանջարկը ձեւավորվում ոչ թե «վերեւից»` կենտրոնացված կարգով, այլ գիտության շուկայում: Ուստի, ժամանակն է հրաժարվելու ասպիրանտական մասնագիտությունների թե ծածկագրումից, եւ թե մասնագիտական դետալացումից: Մանավանդ որ, երբեմն ատենախոսությունների պաշտպանության դեպքում հենց փորձագետներն ու մասնագիտական խորհուրդներն են հաճախ դժվարանում նորույթները խմբավորել ըստ հարակից մասնագիտությունների ծածկագրերի:

Ներկայումս հիմնախնդիր է հանդիսանում նաեւ, թե ինչպիսի՞ն պետք է լինի հետազոտողի ուսումնական ծրագիրը եւ կրթական ի՞նչ վերնարդյունքներ այն պետք է ապահովի: Պետք է նշել, որ որոշ արեւմտաեվրոպական համալսարաններ այս հարցում ճկունություն են ցուցաբերում: Օրինակ, Ստոկհոլմի տեխնոլոգիական արքայական ինստիտուտում դոկտորանտուրան կազմակերպվում է երկու աստիճանով: Առաջին աստիճանում, որը տեւում է երկու տարի, դոկտորանտը ստանում է ինովացիոն գիտելիքի փոխանցելիության կարողություններ եւ գիտության կառավարման հմտություններ, ու դրանով իսկ պահանջված դառնում ինդուստրիալ շուկայում: Այնուհետեւ, դոկտորանտին հնարավորություն է տրվում ցանկության դեպքում եւս երկու տարի սովորել եւ խորանալ գիտական հետազոտությունում, պաշտպանել ատենախոսություն եւ արդեն աշխատանքի անցնել համալսարաններում: Երկու դեպքում էլ շրջանավարտ հետազոտողը մրցունակ է դառնում գիտության կամ ինդուստրիալ աշխատաշուկայում, քանի որ շրջանավարտ հետազոտողի որակական հատկանիշները հնարավորինս համապատասխանեցվում են աշխատաշուկայի պահանջներին:

Ուստի ժամանակն է, որ մեր իրականությունում ասպիրանտ շրջանավարտի որակական հատկանիշները բնորոշվեն ոչ միայն պաշտպանության ներկայացվող ատենախոսությամբ, այլ նաեւ գիտության եւ ինդուստրիալ շուկայի պահանջներին բավարարող կարողություններով եւ հմտություններով: Միայն այս պարագայում հետբուհական կրթությունը աշխատաշուկայում կդառնա մրցակցային:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29