Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք՝ լրագրողներդ, անհոգ եղեք»

Փետրվար 11,2016 13:30

Գեւորգ Հակոբյանը՝ ստեղծագործականի եւ անձնականի մասին

Հանդիսատեսին չի հետաքրքրում արտիստական խոհանոցը, ասենք՝ դերասանը հոգնած է կամ՝ ինքնաթիռից անմիջապես հետո միանգամից բեմ է բարձրացել… Հանդիսականին հետաքրքրում է միայն բարձրակարգ կատարումը:

«Առավոտը» փոքր հարցախույզ անցկացնելով երեւանյան թատերական միջավայրում, արձանագրեց ընդամենը վերջին երկու ամսում Երեւանի օպերային թատրոնի առաջատար մեներգիչ Գեւորգ Հակոբյանի զբաղվածության աստիճանը:

Արվեստագետը 2015թ. դեկտեմբերին մեկնել է Քիլլի օպերային թատրոն, հանդես եկել Սկարպիայի դերերգով Պուչինիի «Տոսկայում», 2016թ. հունվարին ընդամենը երկու օրով վերադարձել հայրենիք, ապա կրկին մեկնել Գերմանիա: Երգչի ագենտը՝ STAGE DOOR-ը, հիշյալ դերերգը գերմանական բեմից հնչեցնելու համար պայմանագիր է ստորագրել մինչեւ հուլիս: Իսկ դա նշանակում է, որ դեռեւս 10 ներկայացման մասնակցելու համար երգիչը կհյուրընկալվի Գերմանիայում: Այս օպերային երգչի հյուրախաղային գրաֆիկը էլ ավելի ծանրաբեռնված է փետրվարին. 14-ին Թուրինի (Իտալիա) օպերային թատրոնում նա հանդես է գալու Սիմոն Բոկանեգրայի դերերգով՝ Վերդիի համանուն օպերայում, 21-ին մեկնելու է Գերմանիա՝ շարունակելու մասնակցությունը Քիլլի օպերային թատրոնում «Տոսկա» ներկայացմանը, այնուհետեւ այդ թատրոնի արտիստական կազմում մեկնելու է Հոնկոնգ՝ հյուրախաղերի: Ըստ մեր տեղեկությունների, այդ ընթացքում նա հասցրել է մերժել հրավերը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնից:

Gevorg-Hakobyan

Տեսարան Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերայից, Դավիթ-Բեկ՝ Գեւորգ Հակոբյան, Թամար՝ Աննա Այվազյան:

«Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Հակոբյանը պարզաբանեց, որ իսկապես փետրվարի 20-ին Սիմոն Բոկանեգրայի դերերգով չի կարող մեկնել Մարիինյան թատրոն, որովհետեւ ագենտը շուրջ մեկ տարի առաջ արդեն պայմանագիր էր ստորագրել Թուրինի օպերային թատրոնի հետ: «Մարիինյան թատրոնից հրավերը ոչ թե մերժել եմ, այլ բացատրել, որ չեմ կարող ընդունել այն վաղօրոք կնքած պայմանագրերիս պատճառով: Այդուհանդերձ, կարծում եմ, դեռ առաջիկայում նման հնարավորություն դարձյալ կընձեռվի ինձ, մանավանդ որ, շա՜տ եմ ուզում բարձրանալ Մարիինյանի բեմ»,- նշեց երգիչը: Կանխելով հարցը՝ մեր օպերային թատրոնում զբաղվածության պատճառով բեմում չերեւալու մասին, նա հավաստիացրեց, թե հայ հանդիսատեսին շատ է սիրում: «Այս պահին էլ 4-5 օր Երեւանում եմ եւ այս ընթացքում մի կողմ դնելով հոգնածությունս ու նման բաներ, հանդես կգամ Բիզեի «Կարմենում» Էսկամիլիոյի դերերգով»,- ասաց մեր զրուցակիցը:
Հետաքրքրությանը՝ զբաղվածությո՞ւնն է պատճառը, թե՞ Երեւանում երբեք հանդես չի եկել մենահամերգով, Գեւորգ Հակոբյանը պատասխանեց. «Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ մեծ հաճույքով բեմ կբարձրանամ մենահամերգով, բայց մինչ դրա իրականացումը անհրաժեշտ է զբաղվել ինչ-ինչ գործերով, որի ժամանակը ես պարզապես չունեմ: Թեեւ, կրկնում եմ, այստեղ է իմ կողմից սիրված եւ սպասված հանդիսատեսը»:

Gevorg-Hakobyan-2

Գեւորգ Հակոբյանը՝ Սկարպիայի դերում (Քիլլի օպերային թատրոն):

Ի պատասխան մեր մյուս հարցի, թե մշտապես հյուրընկալվելով արտասահմանյան հեղինակավոր թատրոններում, հավանաբար զուգահեռներ է անցկացնում երեւանյան թատրոնի հետ ու հաստատ գիտի հարցի պատասխանը, թե մեծ հաշվով ինչ է պակասում մեր թատրոնին՝ դասվելու նման մշակութային օջախների շարքում, երգիչը նախ նշեց՝ սրտացավ եւ պրոֆեսիոնալ աշխատանք, հետո էլ մանրամասնեց. «Թեպետ Գեղամ Գրիգորյանի՝ մեր թատրոն իբրեւ գեղարվեստական ղեկավար վերադառնալուն պես իրոք լծվել ենք ստեղծագործական աշխատանքի՝ բառիս բուն իմաստով, այդուհանդերձ, կուզեի, որ կարճ ժամանակահատվածում նախ բավարարեինք մեր հանդիսատեսի պահանջները եւ երկրորդ՝ բարձրակարգ ներկայացումներով հետաքրքրություն առաջացնեինք արտասահմանում: Գեղամ Միհրանիչի առաջարկով անհրաժեշտ է ստեղծել միգուցե արտերկրից հրավիրված մենեջմենթական խումբ: Այդ խմբի գործունեության շնորհիվ երիտասարդ արվեստագետներն էլ ճանաչելի կդառնան արտերկրում: Կարճ ասած՝ մեր թատրոնին անհրաժեշտ է գործունյա մենեջմենթ, որի շնորհիվ կստեղծվի միջավայր եւ հենց այդտեղ առավել եւս երիտասարդ երգիչները եւ կկատարելագործվեն, եւ կթրծվեն, նրանց առջեւ կբացվեն նույնիսկ հեղինակավոր թատրոնների դռները»: Ռեպլիկին՝ իր STAGE DOOR ագենտի օրինակով ինչպիսի՞ն պետք է լինի մենեջերը, արվեստագետը պատասխանեց. «Պետք է ունենա լուրջ ու հիմնավոր կրթություն, մեծ շփման դաշտ եւ իհարկե՝ օժտված լինի դիվանագիտական որակներով»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե ինչպես է բացականերին դիմանում ընտանիքը եւ ընդհանրապես՝ ի՞նքն է տիկնոջ՝ սոպրանո Աննա Այվազյանի ստեղծագործական դատավորը, թե՞ հակառակը: «Ոչ ես եմ Աննայի դատավորը, ոչ նա՝ իմ: Ստեղծագործական մասով մենք հիանալի ընկերներ ենք, միմյանց հետ կիսվում ենք կարծիքներով, խորհուրդներ տալիս մեկմեկու եւ այլն»,- պատասխանեց Գեւորգ Հակոբյանը: Ժպիտով էլ հավելեց. «Դուք՝ լրագրողներդ, անհոգ եղեք, ընտանիքս ամուր հայկական ընտանիք է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29