Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչինչ չի սկսվում եւ ոչինչ չի վերջանում

Փետրվար 11,2016 12:00

«Սենսացիաների» մեծ մասը հիմնված է «ավարտի սպասումների» վրա

Եթե գոնե 10 րոպե աչքի անցկացնենք կայքային հոդվածների վերնագրերը, ապա կարող ենք ենթադրել, որ ամեն վայրկյան Հայաստանում եւ մոլորակում տեղի են ունենում աշխարհացունց իրադարձություններ, որոնք պարտադիր բերելու են համաշխարհային կամ առնվազն տեղական ապոկալիպսիսի: «Ծայրահեղ սրվել են նախագահի եւ վարչապետի հարաբերությունները», «Հայաստանը ծնկի բերեց Ադրբեջանին», «Ադրբեջանը ծնկի բերեց Հայաստանին», «Ղարաբաղը ծախելու մասին որոշումն ընդունված է», «Պուտինը վերջնագիր է ներկայացրել Օբամային», «Օբաման վերջնագիր է ներկայացրել Պուտինին», «Իսլամական Պետությունը ջախջախված է», «Ամստերդամից մինչեւ Վլադիվոստոկ խալիֆայությունն այլեւս իրողություն է»:

Իհարկե, մակերեսի վրա դա էժանագին սենսացիա ստեղծելու ձգտում է: Աշխարհի ոչ մի լրատվամիջոց բավարար տեղեկատվություն չունի՝ նման բաներ պնդելու համար: Եվ հոդվածների բովանդակության մեջ, որպես կանոն, ոչ մի փաստարկ չի բերվում, որը կհիմնավորեր նման վերնագրերը: Բայց ո՞րն է պատճառը, որ այդպիսի վերնագրեր են հայտնվում: Ինչո՞ւ են մարդիկ տենչում նման բաներ կարդալ: Այստեղ կա մի հոգեբանական պահ, որը կարելի է (ոչ գիտականորեն, իհարկե) անվանել «ավարտի սպասում»:

Մենք հակված ենք հավատալու, որ աշխարհը կամ դրա առանձին մասերն ի վերջո գալու են մի իրավիճակի, որը պահպանվելու է հավերժ: Բայց սպասել, որ դա լինելու է՝ խելամիտ չէ, նման իրավիճակ երբեք չի լինելու: Եթե, ասենք, աշխարհի բոլոր երկրների ամբողջ ռազմական ներուժն ուղղվի «Իսլամական պետության» դեմ, եւ մի քանի ամիսների ընթացքում այդ տարածաշրջանում ոչ մի իսլամիստ զինյալ չլինի, ապա հավատացնում եմ ձեզ՝ 5, 10, 15 տարի հետո, միեւնույն է, աշխարհի որեւէ ծայրում էլի կհայտնվի ինչ-որ «հավատացյալների» խումբ, որն իր ձեռքը կվերցնի զենքը եւ կբացականչի՝ «Ալլահ աքբար», «Հայլ Հիտլեր» կամ դրա նման մի բան: («Հավատացյալ» բառը միտումնավոր եմ վերցնում չակերտների մեջ, որովհետեւ ցանկացած կրոնի իրական հավատը չի կարող քո խումբը հակադրել այլ խմբերին): Այնպես որ՝ վերջնական, ավարտուն, քարացած վիճակը ֆիքսելը խելամիտ չէ՝ ոչ «Իսլամական պետությունը» կջախջախվի, ոչ էլ եվրասիական «խալիֆայություն» կստեղծվի: Ոչ մենք ենք ընդունակ ծնկի բերել Ադրբեջանին, ոչ էլ՝ նրանք մեզ:

Պատմական փորձը նույնպես ցույց է տալիս, որ ոչ մի քարացած բան չկա: Իմ պատանեկության տարիներին եվրասիական մայրցամաքի ճնշող մեծամասնությունը (ես էլ, բնականաբար, նրա թվում) վստահ էր, որ այն աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք գոյություն ունեին 1945 թվականից հետո, հատկապես «սոցիալիստական» եւ «կապիտալիստական» ճամբարների բաժանումը հավերժ է, բայց 1980-ականների վերջին պարզվեց, որ դա այդպես չէ: Ուրիշ հարց, որ 40 տարի կար որոշակի կայունություն, որն ուներ թե բացասական եւ թե դրական կողմեր՝ մասնավորապես գիտության, մշակույթի համար: Մոտ ապագայում նման՝ մի քանի տասնամյակ տեւող կայունության շրջան կարծես թե չի սպասվում:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ինչպես ոչինչ չի ավարտվում, ոչ մի բան երբեք հավերժ, քարացած տեսք ձեռք չի բերում, այնպես էլ ոչինչ չի սկսվում: Օրինակ՝ երբ մեր ընդդիմադիրներն ասում են «վերականգնել սահմանադրական կարգը», նրանք, հավանաբար, ենթադրում են, որ նման կարգ Հայաստանում երբեւէ եղել է եւ հետո ինչ-որ մի պահի վերացել: Նույնը կարելի է ասել նաեւ դրական բաների մասին: Երբ մենք ասում ենք, որ 25 տարի առաջ «ծնվել է» Հայոց անկախ պետությունը, պետք է հաշվի առնել, որ եթե դրանից առաջ եւ մասնավորապես 20-րդ դարում չլինեին հայոց անկախ եւ ոչ անկախ պետություններ, ոչ մի բան էլ «չէր ծնվի»: Ոչ մի լավ կամ վատ բան, մի խոսքով, չի սկսվում եւ չի վերջանում: Ցանկացած ծնունդ նախորդ ծնունդների արդյունք է, ցանկացած «մահ» իրականում մահ չէ, այլ փոխակերպման փուլ:

Դե, ինչ մնում է իշխանավորների եւ ընդհանրապես քաղաքական գործիչների հարաբերությունների սրվելուն կամ «լիցքաթափվելուն», ապա դրանից ժամանակավոր բան աշխարհիս երեսին գոյություն չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29