Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգին, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ համաշխարհային մակարդակով, մասնավորապես բրիտանական DailyMail-ի անդրադարձից հետո, որն այն որակեց որպես աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին, այսօր հրաժեշտ տվեց իր վերջին գազաններին՝ 3 առյուծներին՝ Մերիին ու նրա երկու ձագերին՝ Զիտային ու Գիտային: Այսօր կենդանիներին տեղափոխեցին Ուրցաձորի վերականգնողական կենտրոն. սա գյուղ է Հայաստանի Արարատի մարզում, որից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը:
Aravot.am-ի հետ զրույցում կենդանաբանական այգու սեփականատեր Ստյոպա Վարդանյանն ասաց, որ շատ է ափսոսում, մեծ ցավ է ապրում, որ Գյումրին այլեւս չունի կենդանաբանական այգի. այսօր ճանապարհեց իր առյուծներին, բայց մխիթարվում է, որ գոնե սոված չեն լինի: «Ուրցաձորի տարածքը շատ հետաքրքիր է ու հարմարավետ, առյուծներիս այնտեղ տեղափոխելու որոշումը ընդունել են բնապահպանության նախարարությունում: Մխիթարվում եմ, որ առյուծներս Հայաստանում կլինեն, այսօր հրաժեշտ տվեցի, տխուր է բաժանվել էսքան պահելուց, խնամելուց հետո, բայց ի՞նչ արած: Գիտեք, որ ես չեմ ուզում, որ իմ արջերին էլ արտասահման տանեն…», -ասաց Ստյոպա Վարդանյանը: Նա նաեւ ասաց, որ կենդանաբանական այգու տնակները օրերը տաքանալուն պես, կհեռացնեն Անի թաղամասից:
Հիշեցնենք, որ Գյումրու կենդանաբանական այգու երկու արջերին՝ Միշային ու Մաշային մոտ մեկ ամիս առաջ տեղափոխեցին Երեւանի կենդանաբանական այգի, որտեղ բուժզննում անցնելուց, փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո կտեղափոխեն Ռումինիայի կենդանաբանական վերականգնողական կենտրոն:
Կենդանիներին տեղափոխելու լուսանկարները՝ ըստ SOS Gyumri Zoo Animals ֆեյսբուքյան էջի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ