Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էդ նկարում գեշ եմ, փոխե՛ք»

Փետրվար 10,2016 21:30

Երբեմն պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները մեր այս կամ այն հրապարակումից հետո զանգահարում են ու բողոքում, թե «էդ ի՞նչ նկար եք դրել, ես էդ նկարում գեշ եմ, փոխե՛ք»: Օրերս էլ պատգամավորներից մեկն էր բողոքում, թե ձե՞ռ եք առնում, ես հիմա մազերս կտրել եմ, իսկ էդ նկարում երկար մազերով եմ, ինչի՞ եք հին նկար դրել: Լինում է, որ միանգամից պահանջում են, թե այսինչ օրվա նկարներից նյութերի հետ չդնեք, ես էդ օրը «ֆորմի մեջ չէի»: Ավելին՝ պահանջում են մեր արխիվից ընդհանրապես ջնջել, անհետ կորցնել այդ նկարները:

Քաղաքավարությունը, հատկապես կանանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը ստիպում է, որ ընդառաջենք ու երբեմն փոխենք նկարը: Բայց պաշտոնյաներին թվում է, թե իրենց «մուննաթը» տեղին է, մենք դա պարտավոր ենք անել: Կոնկրետ ինձ համար հարց է առաջանում՝ երկար, թե կարճ մազերով, բեղերով, թե առանց բեղերի, աջ, թե ձախ պրոֆիլից, շպարով, թե առանց շպարի՝ դա հենց դուք եք, չէ՞: Եթե նույնիսկ այդ նկարն արվել է ամիսներ կամ տարիներ առաջ, ինչո՞ւ եք հրաժարվում ձեր անցյալից, ինչո՞ւ է տհաճ նայել ձեր՝ մի քանի տարի առաջվա լուսանկարը:

Եթե հրապարակվեր ոչ պաշտոնական այնպիսի լուսանկար, որտեղ պաշտոնյան, ասենք, հաց է ուտում, աչքերը կիսաբաց է, բերանը ծամածռած՝ դա կարելի էր էթիկայի խախտում համարել, բողոքել, բայց այս դեպքում  տպավորություն է, որ պաշտոնյաները մոդելներ են, չեն ուզում նորաձեւությունից դուրս եկած կոստյումներով, սանրվածքով երեւալ ու դեռ մեզ էլ զգուշացնում են, թե «էդ նկարի համար ձեր նյութը չենք գցում ֆեյսբուքի մեր էջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29