«Տո ասա ա՛յ կոմունիստներ, ժամանակին որոշում կայացնեիք: Սա թուրք-ռուսական շահերի իրենց խաղն է: Թուրքիայի հանդեպ ձեւավորում են պաշար»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների՝ Պուտինին ուղղված հորդորը, թե պետք է 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկեք, այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Մեր հարցին՝ այդ պայմանագիրը չեղարկելու մասին հայտարարությունը կապ ունի՞ Պուտինի կարգադրության հետ` ստուգումներ սկսել իրենց ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազայում՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց «Չէ, դա կապ ունի միայն մի բանի հետ՝ մենք Պետդումայում կունենանք մի նախաձեռնություն, հետո երբ պետք լինի՝ թուրքերին կասենք սենց բաներ արեցինք, իշխող կուսակցությունն էլ կասի՝ չարչարվեցի, հերոսաբար թույլ չտվեցի, որ էս նախաձեռնությունն առաջ գնա: Դուք հավատում եք, որ ՌԴ-ն որոշել է ամբողջ աշխարհի հետ կռի՞վ անի որեւէ սահմանի համար, որն իր շահերից չի՞ բխում: Եթե ՌԴ-ի մտքին լիներ որեւէ սահման փոխեր, ապա դա կաներ՝ առանց որեւէ նամակների, պայմանագրերի»:
Իսկ թե ինչու է ՌԴ նախագահը ռազմաբազաներում ստուգումների կարգադրություն արել, ըստ Թեւան Պողոսյանի, իրենք էլ են հասկանում, որ եթե այդ բազան իրենից ոչ մի բան չներկայացնի, որեւէ մեկը իրեն բանի տեղ չի դնելու, բայց եթե Թուրքիան հասկանա, որ այնտեղ ավելի հզոր զենքեր են դրել, կսկսի այլ ձեւով խոսել. «Նրանից, որ մենք գիտենք՝ ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ ԱՄՆ-ն ունեն ատոմային զենքեր, դա չի նշանակում, որ վաղը իրար վրա կրակելու են, բայց դա բերում է զսպողության, որ մարդիկ ռազմական գործողություններ չսկսեն: Դա արվում է, որ Թուրքիան 15 անգամ ավելի մտածի՝ Սիրիայում փորձի՞ ինչ-որ բան անի, թե՞ մնա իր սահմանների մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ