Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին սուտ ցուցմունքի մեջ են մեղադրում

Փետրվար 10,2016 19:12

Վարչական դատարանում դատավոր Հրաչ Այվազյանի նախագահությամբ փետրվարի 10-ին շարունակում էր ոստիկանությունն ընդդեմ Տարոն Սիրադեղյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Հրաչ Այվազյանը հետաքրքրվեց, թե ոստիկանության կոնկրետ ո՞ր պահանջը չի կատարվել, ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց, որ Տարոն Սիրադեղյանը բողոքի ակցիայի մասնակիցների հետ չի ենթարկվել ոստիկանության հորդորներին՝ վերեւ չբարձրանալ, նստել էին երթեւեկելու գոտում. «Կոնկրետ եղել է պահանջը ազատել երթեւեկելի գոտին, չխոչընդոտել այլոց իրավունքները, չխոչընդոտել ոստիկանների աշխատանքը»:

Հրաչ Այվազյանի մյուս հարցին, թե դատարանը հարցաքննել է ոստիկանության աշխատակցին, որը հայտնել է, որ ինքն է ձերբակալել եւ պահանջն իր կողմից է ներկայացել, հայտնել է նաեւ, որ իր կողմից ուժ չի կիրառվել, սակայն ձերբակալումն իրականացվել է եւ անձին տարել են բաժին, այդ պայմաններում ո՞ր պահանջը չի կատարել, Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց, որ պահանջը հնչեցվել է, սակայն ոչ ոք չի ազատել երթեւեկության հատվածը եւ երբ մարվել են բոլոր այլ միջոցները, այդ ժամանակ ոստիկանությունը դիմել է որոշակի գործողություններին եւ անձանց, կոնկրետ՝ Տարոն Սիրադեղյանին նստեցրել են ավտոմեքենան. «Պատասխանողը չի հետեւել ոստիկանին, ես կարծում եմ վկան ոչ ճիշտ է արտահայտել, որ խնդրել է իրեն հետեւել, ոստիկանությունը դիմել է, չի կատարել եւ ոստիկանությունը ստիպված որոշ գործողություններ է կիրառել»:

Դատավորը հետաքրքրվեց, թե ինչ պահանջ է ներկայացրե՞լ, որ չի կատարել՝ չի ենթարկվե՞լ, թե՞ ոստիկանության շղթան է ճեղքել. «Արարքը ունեցել է շարունակություն, ճեղքել է, այնուհետեւ չի ենթարկվել: Վարչական իրավախախտումը եղել է շարունակական սկսած այն պահից, երբ ոստիկանությունը հորդորել է մնալ նույն տեղում եւ չբարձրանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ»:

Մյուս հարցին, թե շղթան ճեղքելու պահանջ եղե՞լ է, Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց. «Ոստիկանական շղթան ինքնին իրավական ակտ է դիտվում, եւ այն չկատարելը համարում է իրավախախտում»:

Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը հետաքրքրվեց` արդյոք ոստիկանը անձամբ է ուղեկցե՞լ, թե՞ Տարոն Սիրադեղյանը սեփական ցանկությամբ է նստել մեքենան, Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց. «Գուցե որոշակի բառային խախտումներով է վկան դատարանում ներկայացրել, թե ինչպես է կատարվել ձերբակալումը: Պահանջ է հնչեցվել, չի ենթարկվել եւ ոստիկանության աշխատակիցները ստիպված որոշ միջոցներ է իրականացնել Տարոն Սիրադեղյանին ավտոմեքենա նստեցնելու համար»:

Մյուս հարցին, թե ինչի՞ վրա են հիմնված նրա ենթադրությունները, Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց. «Սա հստակ գիտեմ, ենթադրություններ չեն: Գիտեմ տեսագրություններից եւ իր հետ խոսելուց»:

Տաթեւիկ Սիրադեղյանը միջնորդություն ներկայացրեց, քանի որ ոստիկանության աշխատակիցը պնդեց, որ ձերբակալվել է ֆիզիկական ուժի գործադրման, միջնորդեց, որ դատարանը համապատասխան միջոցներ ձեռնարկի անձին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվություն ենթարկելու համար:

Հրաչ Այվազյանը նկատեց, որ միգուցե ներկայացուցիչն այդպես է իր մարտավարությունը կառուցում: Աիդա Դեմիրխանյանը հավելեց, որ մտքերի ոչ ճիշտ ձեւակերպումը քրեական պատասխանատվության ենթակա առարկա չէ:

Տարոն Սիրադեղյանը հայտարարեց, որ կոնկրետ իրեն ընդհանրապես ոչ ոք ոչ մի պահանջ չի ներկայացել, իսկ  վկան պնդել է, որ պահանջ է ներկայացրել, ինչը սուտ ցուցմունք է. «Առավել եւս ոստիկանության վկան, որին ես նույնիսկ չեմ հիշում, ինձ ձերբակալել են կարմիր բերետավորները՝ առանց պահանջ ներկայացնելու տարել նստացրել են մեքենան»:

Նա նշեց, որ Տաթեւիկ Սիրադեղյանը միջնորդել է, ոչ միայն ներկայացուցչի հայտարարության հիման վրա, այլեւ ոստիկանի ցուցմունքի եւ իր խոսքի հիման վրա. «Վկան պնդել է, որ ձերբակալել է Ֆրիկ փողոցից, ներկայացրել է պահանջ, որը չի կատարել, հստակ պատասխանեց, որ հիշում է ուժ չի կիրառել: Կարծում եմ ոչ-ն ու այո-ն մեծ լեզվաբանական կարողություններ չեն պահանջում: Նաեւ նա նշեց բարձրախոսով հայտարարելու մասին, որը հաստատվել է եւ բազմիցս նշվել է, որ ոստիկանությունը այդ օրը չի ունեցել: Իսկ երբ հիշեցրեցինք քրեական պատասխանատվության մասին, նա դա բառախաղ դարձրեց»:

Հրաչ Այվազյանը հայտարարեց, որ դատարանը, ապացույցներն ուսումնասիրելով, որոշում կկայացնի, իսկ եթե պատասխանողը համոզված է, որ վկան սուտ ցուցմունք է տվել, ապա կարող է իրացնել իր իրավունքը: Տաթեւիկ Սիրադեղյանը պատասխանեց. «Կխնդրեմ, որ անդրադարձ կատարի մեր միջնորդությանը վերջնական դատական ակտում»:

Գործի դատաքննությունը ավարտվեց: Դատական ակտը կհրապարակվի մարտի 2-ին:

Հիշեցնենք՝ ոստիկան Արթուր Կարապետյանը հայտարարել էր, թե ում վարչական ձերբակալման է ենթարկել, իրազեկել է դուրս չգալ փողոց, չխոչընդոտել երթեւեկությանը, բացի այդ ոստիկանությունը հայտարարել է, սակայն ոստիկանության օրինական պահանջին քաղաքացիները չեն ենթարկել, այդ պատճառով էլ ոստիկանները վարչական ձերբակալում են կիրառել: Նա դժվարացավ հիշել, թե այդ օրը քանի հոգու է բերման ենթարկել: Նա նաեւ չի հիշում, թե Տարոն Սիրադեղյանը ձերբակալման պահին, կոնկրետ ինչ էր անում: «Ուժ չեմ կիրառել, իմ պահանջով ներկայացել է»,- հայտարարել է Արթուր Կարապետյանը: Ոստիկանը դժվարացավ հիշել, թե Տարոն Սիրադեղյանի հետ այլ անձանց վարչական ձերբակալում իրականացրե՞լ է, թե՞ ոչ, եւ ավտոմեքենայի մեջ բացի Տարոն Սիրադեղյանից այլ անձինք կայի՞ն, թե՞ ոչ: Նա նշեց, որ ինքն է ուղեկցել պատասխանողին եւ իր ձեռքով զեկուցագիր է լրացրել, բայց վարչարարությանը չի մասնակցել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29