Օրերս կայացավ ՀՀ հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքների ամփոփումը, եւ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, թե նպատակը չեմպիոնին հայտնաբերելը չէ:
Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք արդարացվո՞ւմ է լավագույն բուհերի կամ դպրոցների սանդղակների կազմումը այս կամ այն չափանիշով, երբ վարկանիշավորումն իրականացնելիս հաշվի չի առնվել նրանց մատչելի լինելը հաշմանդամություն ունեցող աշակերտների եւ ուսանողների համար:
Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին ընդամենը 180 դպրոց է ներառական կրթություն իրականացնում,եւ ըստ այդ չափանիշի դպրոցները դիտարկելը անհավասար պայմաններ կստեղծի մյուս դպրոցների համար, քանի դեռ չի ավարտվել 2015թ համընդհանուր ներառականության անցնելը:
Ինչ վերաբերում է բուհերին, Սերոբ Խաչատրյանի խոսքով, իրավիճակն այստեղ ավելի բարդ է, քանի որ բուհերը ավելի մեծ շենքեր ունեն եւ այդ նպատակի իրագործման համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ: «Որոշ բուհերում կան թեքահարթակներ, բուհերի մեծ մասը, սակայն հնարավորություն չունի թեքահարթակների եւ այլնի, շենքերի կառուցվածքն այնպիսին է, որ ներդրումներ են պահանջվում, իսկ բուհերն այսօր հազիվ են կարողանում առօրյա խնդիրները հոգալ, պետությունից համարյա ֆինանսավորում չկա, հիմնականում գումարներն էլ գոյանում են ուսման վարձերից»,-փաստում է կրթության փորձագետը՝ ընդգծելով, որ խնդիրը կարեւոր է, բայց առկախ է մնում:
Կարդացեք նաև
«Բուհերը շենքային պայմաններով դպրոցների նման չեն: Դրանք ունեն շատ հարկեր, լաբորատորիաներ, մասնաշենքեր… Մինչդեռ դպրոցը կարող է առաջին հարկի որեւէ դասարանում տեղավորել, ասենք, հենաշարժողական խնդիր ունեցող երեխաներին: Բուհերի դեպքում, եթե ֆակուլտետը չորրորդ հարկում է, դու չես կարող այն իջեցնել առաջին հարկ, քանի որ առաջին հարկում մեկ այլ ֆակուլտետ է գործում: Ամեն դեպքում ներդրումների հարկ կա, իսկ հավանականությունը մեծ չէ, որովհետեւ հենաշարժողական խնդիրներ ունեցողների թիվն էլ մեծ չէ, բայց գոնե ինչ-որ քայլեր կարելի է անել, թեկուզ զուգարանների հարմարեցումը եւ այլն»,-կարծում է կրթության փորձագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ