Լրահոս
Օրվա լրահոսը

«Դինգո Թիմ». «Բորիսին» կրակել են եւ արյունլվա թողել փողոցում (Տեսանյութ)

Փետրվար 10,2016 17:52

Ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանը եվրոպացի «քույր» քաղաքների իր գործընկերներին բացատրում, որ մեզ մոտ թափառող կենդանիներին, մասնավորապես` շներին ոչ թե ստերջացնում են, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում, այլ` գնդակահարում` արյունլվա եղած շների դիակները թողնելով բնակիչների բակերում: Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին հարցնում են կենդանասերները:

«Բորիս» անունով շանը, քաղաքապետարանի որսորդները գիշերով օրերս են մի քանի կրակոց հասցնելով սպանել: «Բորիսը» սատկել է սրտին ստացած կրակոցից: Այս է փաստել դատաբժշկական փորձաքննությունը, որի արդյունքների մասին այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում խոսեցին «Դինգո Թիմ» ՀԿ անդամները, որոնք ասուլիսի էին եկել իրեղեն ապացույցներով` շան մարմնից հանած հրացանի գնդակներով ու սպանված շների դիակների նկարներով:
Մանրամասները` տեսանյութում

Կազմակերպության նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքերով, կենդանիների անօրինական սպանդը, գիշերով կրակոցները Երեւանի փողոցներում հասել են իրենց գագաթնակետին: Ըստ նրա, պատճառներից մեկն էլ Կենդանիների պաշտպանության օրենքի անկատարությունն է: Գիշերային կրակոցների ու շան սպանության հետ կապված կազմակերպության անդամները դիմել են ոստիկանություն:

Իրավաբան Հեղինե Խաչիկյանի խոսքերով, ոստիկանությունը աչք է փակում գիշերային կրակոցների վրա եւ երբ հ/կ-ի անդամները հարցրել են, թե ինչո՞ւ չեն պատասխանատվության ենթարկում քաղաքապետարանի որսորդներին, քանի որ շներին կրակելու ժամանակ չի բացառվում, որ այդ գնդակը մարդկանց դիպչի կամ որեւէ այլ տնային կենդանու սպանեն, ոստիկանները պատասխանել են` «բայց ոչ մի բան չի եղել, չէ՞»:

Ըստ իրավաբանի, նշանակում է, որ մեր իրավապահ մարմինները չեն իրականացնում իրենց պարտականությունները, եթե ինչ-որ զինված մարդիկ կրակում են փողոցներում:

ՀԿ ղեկավարի խոսքերով, երբ Հայաստան են այցելել «Համաշխարհային կենդանաբույժների ասոցիացիայի» անդամները, ապշել են, երբ իմացել են, որ մեր երկրում կրակելու միջոցով էլ են ոչնչացնում թափառող կենդանիներին, մինչդեռ այդ մասնագետները փաստել են, որ թափառող կենդանիներին կարելի է աստիճանաբար ոչնչացնել միայն ստերջացնելու ճանապարհով, իսկ զենքի կիրառությունը կենդանիների նկատմամբ, համարվում է դաժան գործողություն եւ դատապարտելի է օրենքով:

«Դինգո»-ի անդամները վստահ են, որ «Յունիգրաֆ իքս» կազմակերպությանը, որն արդեն 6-7 տարի անընդմեջ շահում է թափառող կենդանիների վնասազերծման եւ ստերիլիզացման ծառայություններ մատուցելու մրցույթը, ձեռնտու է, որ թափառող կենդանիները չվերանան, որպեսզի իրենք ամեն տարի բյուջեից միլիոններ ստանան:

Իսկ կենդանիներին կրակելը ընկերությունն անում է քաղաքապետարանի եւ թաղապետարանների մասնագետների մասնակցությամբ`բնակիչների ահազանգերի հիման վրա: Սակայն, ինչպես Հեղինե Խաչիկյանն է նշում, «Յունիգրաֆը իքս»-ը նման պարագայում, ոչ թե պետք է ոչնչացնի մարդկանց վրա հարձակվող շներին, այլ նախ պարզի պատճառները, թե ինչի՞ց են շները գազազում, ապա ստերջացնի, ինչից հետո շները կդառնան միանգամայն անվնաս եւ նրանց` սերունդ տալու խնդիրներն էլ` լուծված:

shner-2 Shnershner-1

shner-3

ՀԿ անդամները վստահեցնում են, որ այս կազմակերպությունը պատկանում է Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, այդ է պատճառը, որ մեկ այլ կազմակերպություն չի կարողանում մասնակցել այդ մրցույթին, իսկ վերահսկող մարմինն էլ` քաղաքապետարանը, աչք է փակում ընկերության ապօրինությունների վրա:

«Երեւակայական հովանավորներ փնտրելու փոխարեն կառաջարկեմ, որ տվյալ կազմակերպությունը գա եւ մասնակցի ծառայության համար հայտարարված մրցույթին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, որին փոխանցեցինք կենդանասերների հնչեցրած մեղադրանքները:

Ըստ Ա. Գեւորգյանի, յուրաքանչյուր տարի հայտարարվում է բաց մրցույթ եւ մինչ օրս որեւէ կազմակերպություն, բացի «Յունիգրաֆ իքս»-ից մասնակցության հայտ չի ներկայացրել: Պարոն Գեւորգյանը նշեց, որ ո’չ քաղաքապետարանը, ո’չ էլ վարչական շրջանները որսորդներ չունեն եւ որ կա ծառայություն իրականացնող ընկերություն` «Յունիգրաֆ իքս»-ը, որից էլ պետք է ակնկալել բոլոր հարցերի պատասխանները:

Մեր այն հացին, թե կենդանասերները նաեւ նշում են, որ «Յունիգրաֆ իքս»-ի սեփականատերերն իրականում Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից են եւ այդ է պատճառը, որ մրցույթը մշտապես նա է շահում, Արթուր Գեւորգյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում աշխատող որեւէ պաշտոնյա այդ կազմակերպության հետ կապ չունի:

Թե ինչո՞ւ են շներին կրակում այլ ոչ թե ստերջացնում՝ Aravot.am-ի հեռախոսազանգերին «Յունիգրաֆ իքս»-ի գրասենյակից այդպես էլ չպատասխանեցին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29