Ս. թ. փետրվարի 10-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը:
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Այն ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ապահովմանը: Ծրագրի բոլոր մասնակիցների համար խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով: 15 պատանի երաժիշտներ ներգրավվել են նաև շուրջ 100 տարբեր միջոցառումներում՝ մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման:
Համերգը ինքնատիպ ստուգատես է կատարված աշխատանքների, որոնք ներկայացրել է ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Համերգի ավարտին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջունել է պատանի երաժիշտներին, մանկավարժներին, ծնողներին: Հ. Պողոսյանը գոհունակությամբ նշել է հայաստանյան և միջազգային բեմերում տաղանդավոր երեխաների փայլուն կատարումների և բազմաթիվ մրցույթներում տարած հաղթանակների փաստը: «Շնորհակալություն բոլոր այն մանկավարժներին, ովքեր անձնվիրաբար աշխատում են տաղանդավոր երեխաների հետ, նրանց ուղեկցում արվեստում հաջողությունների հասնելու դժվարին ճանապարհին»,- նշել է մշակույթի նախարարը:
Կարդացեք նաև
ՀՀ մշակույթի նախարարություն