Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հետ կվերցնեն «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ից: Այս մասին նշված է կառավարության վաղվա՝ փետրվարի 11-ի նիստի օրակարգում:
Անցյալ տարի օգոստոսի 13-ին կառավարության նիստում որոշվել էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող համալիրը վաճառել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ին, որն էլ պետք է 100 միլիոն դոլարի ներդրում կատարեր, վերանորոգեր համալիրի շենքը, ստեղծեր ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու էր հյուրանոցներ փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն (խաղատան մասին տեղեկությունները կառավարությունը մշտապես հերքում էր):
Մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ից հետ են վերցնում, քանի որ, ինչպես նշված է հիմնավորման մեջ, «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չեն իրականացվել:
Ըստ կառավարություն ներկայացված նախագծի, պաշտպանության նախարարությունը, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում պետք է լուծարի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ի հետ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ