Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ատոմակայանի կառուցման համար կառավարության հույսը օտարերկրյա ներդրողներն են

Փետրվար 10,2016 16:46

Վաղը՝ փետրվարի 11-ին կառավարության հերթական նիստին կներկայացվի նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից:

Նշենք, որ Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգով», ըստ որի նոր էներգաբլոկը պետք է կառուցվի մինչեւ 2026 թվականը:

Կառավարություն ներկայացրած նախագծի հավելված 1-ում նշված է, որ դեռ պետք է ընտրվի նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիան եւ հզորությունը,
ներդրողներ պետք է ներգրավեն, իսկ եթե հարկ լինի, նույնիսկ ներդրողների միջազգային կոնֆերանս կանցկացնեն:
Նախագծից պարզ չէ, թե կան արդյոք հետաքրքրվողներ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործում, ինչ կարժենա այն:

Ըստ նախագծի, ծրագրի իրականացման բացարձակ արժեքը կախված է նոր միջուկային էներգաբլոկի տեսակից եւ հզորությունից, ինչպես նաեւ ներդրումային պայմանագրերի առանձնահատկություններից: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացմամբ՝ ծրագրի ֆինանսավորման համար պետական երաշխիքով վարկային միջոցների ներգրավումը իրատեսական չէ, ուստի նախատեսվում է օգտագործել առանց պետական երաշխիքի տրամադրման օտարերկրյա ուղղակի ներդրումներ, որոնց վերադարձը կապահովվի ներդրողների հետ կնքվող համապատասխան պայմանագրով:

Կառավարություն ներկայացված ծրագրում նաեւ գրված է, որ նոր ատոմակայանի պլան ժամանակացույցը իր մեջ ներառում է ամբողջական պատկերացում ծրագրի ընթացքի վերաբերյալ (ըստ տարիների), որտեղ դիտարկված է այն մոդելը, երբ ՀՀ կառավարությունը ընտրում է խորհրդատվական ընկերությունը եւ աշխատանքները իրականացվում են նման հերթականությամբ, սակայն, չի բացառվում ներդրողի ցանկությամբ ծրագրի կառավարման այլ մոդելի առաջարկումը:

Նախագծում նշված է, որ միջազգային շուկայում փոքր եւ միջին հզորության էներգետիկական ռեակտորների սպասվող առաջարկները, ՀՀ էներգահամակարգի կայունության եւ հուսալիության կարեւորությունը, ինչպես նաեւ ՀՀ էներգահամակարգի ռեժիմային գործոններով պայմանավորված նպատակահարմար է ՀՀ-ում կառուցել մինչեւ 600 ՄՎտ հզորության նոր միջուկային էներգաբլոկ: Հիշեցնենք, որ մինչ վերջերս խոսվում էր 1000 Մվտ հզորության մասին :

Նշենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրերով, որոնք ուժի մեջ են մտել անցյալ տարվա մայիսին, ՀՀ կառավարությանը կտրամադրվի 270 մլն ԱՄՆ դոլար վարկային եւ 30 մլն ԱՄՆ դոլար անհատույց միջոցներ՝ հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման նպատակով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29