Փետրվարի 5-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Գրենոբլի Հայկական մշակույթի տանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի ամփոփիչ նիստին:
Միջոցառմանը մասնակցեցին Իզեր դեպարտամենտի պրեֆեկտ Ժան Պոլ Բոնետենը, դեպարտամենտի նախագահ Ժան Պիեր Բարբիեն, Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, պատգամավոր Միշել Դեստոն, սենատոր Միշել Սավեն, քաղաքապետեր, ռեգիոնի խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆրանսահայեր:
Ֆրանսիացի պաշտոնատար անձինք իրենց ելույթներում ևս մեկ անգամ հավաստեցին հավատարմությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին՝ նշելով, որ դա պահանջ է ոչ միայն հանուն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության և արդարադատության: Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ժխտողականության դեմ պայքարին և ֆրանսիական իշխանությունների կողմից այդ մասին օրենքի ընդունման հարցում: Դեսպան Չիտեչյանը, իր գոհունակությունը հայտնելով Ֆրանսիայում կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լավագույնս կազմակերպման համար, ընդգծեց մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:
Հայոց ցեղասպաության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի նախագահը ներկայացրեց տարվա ընթացքում հայկական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումները, որից հետո ցուցադրվեց միջոցառումների մասին պատմող տեսանյութ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ