Aravot.am-ը ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Պետրոսյանից գրություն, ըստ որի՝ 2/11 ընտրական տեղամասում մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մասին հրապարակած տեղեկատվության առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։
ՈՐՈՇՈՒՄ
Քրեական գործի հարուցումր մերժելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Պետրոսյանս, քննարկելով «Aravot.am» համացանցային կայքում՝ 2/11 ընտրական տեղամասում մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մասին հրապարակած տեղեկատվության առթիվ նախապատրաստված նյութերը.
Կարդացեք նաև
ՊԱՐԶԵՑԻ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից 2016թ. հունվարի 27-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին է ստացվել գրավոր հանձնարարություն՝ կից հայտարարությամբ այն մասին, որ «Aravot.am» ինտերնետային կայքով տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ 2/11 տեղամասում հանձնաժողովի՝ Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ներկայացված անդամը նկատել է, որ մի քանի փորձ է արվել այլ անձի փոխարեն քվեարկելու, իսկ երբ ՀՀԿ-ական վստահված անձը տեսել է, որ նկատեցին ուրիշի փոխարեն քվեարկության փորձ կատարողին՝ արագ հեռացրել են տեղամասից։ Հերթական անգամ հանձնաժողովի նախագահը նույնպես ականատես է եղել այդ դեպքին, սակայն չի արձանագրել, ավելին՝ հանձնաժողովի անդամին ասել է, որ վերջինս իրավունք չունի տեղաշարժվելու։ Մի քանի անգամ սահմանափակել է ՀԱԿ վստահված անձի տեղաշարժը, մասնավորապես՝ նրան թույլ չի տվել կանգնել հանձնաժողովի անդամի կողքին և դիտարկել ընտրելու իրավունք ունեցող անձանց ցուցակը։
Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 27-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում թիվ 2/11 ընտրական տեղամասում հանձնաժողովի նախագահ է հանդիսացել ԲՀԿ անդամ Էռնա Ռուդոլֆի Բեժանյանը, իսկ հանձնաժողովը կազմված է եղել ԱԺ գործող կուսակցությունների ներկայացուցիչներից, 2 հոգի ԸԸՀ-ից և 2 վստահված անձանցից։
Հանրաքվեի ողջ ընթացքը անցել է բնականոն հունով, ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել համապատասխան մատյանում, իսկ վերջնական արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է «ոչ»-ը։
Հանրաքվեի ընթացքում եղել են դեպքեր, երբ ընտրելու իրավունք ունեցող անձը շփոթել է ընտրատեղամասը կամ քվեարկության ներկայացել կենսաչափական անձնագրով, որի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի կամ անդամներից մեկի կողմից շտկում է մտցվել ե քաղաքացուն ճիշտ ուղղություն տրվել։
Հանրաքվեի ընթացքում չի եղել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կամ այնպիսի դեպք, որ սահմանափակվի ՀԱԿ-ից առաջադրված վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի տեղաշարժը։ Իսկ ՀԱԿ վստահված անձը քվեարկության ընթացքում այնքան մոտ է եղել կանգնած հանձնաժողովի անդամին և ընտրացուցակին, որ խանգարել է հանձնաժողովի անդամի աշխատանքը և վերջինս նրան խնդրել է փոքր-ինչ հեռվից հետևել աշխատանքին և դիտել ընտրացուցակները։
Բացի այդ եղել է դեպք, որ ՀԱԿ-ից առաջադրված հանձնաժողովի անդամը մի քանի անգամ թողել է իրեն հատկացված ընտրասեղանը և մոտեցել այլ ընտրասեղանների, ինչի համար արժանացել է հանձնաժողովի նախագահի նկատողությանը, վերջինս հորդորել է չլքել իրեն հատկացված վայրը, ինչի վերաբերյալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հիշյալ դեպքով նախապատրաստվում են այլ նյութեր։
Վերոգրյալը հիմնավորվել է 2/11 ընտրական տեղամասի նախագահ՝ ԲՀԿ անդամ Էռնա Բեժանյանի, հանձնաժողովի անդամ՝ ՕԵԿ ներկայացուցիչ Անահիտ Մուրադյանի, վստահված անձ՝ ՀՀԿ անդամ Վրեժ Դավթյանի, ԸԸՀ-ից առաջադրված հանձնաժողովի անդամ Ազատ Կարապետյանի բացատրություններով։
Այսպիսով, նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ թիվ 2/11 ընտրական տեղամասում մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ տեղի չի ունեցել, նման խախտում չի արձանագրվել, որպիսի պայմաններում սույն նյութերում բացակայում է հանցագործության դեպքը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 55-րդ հոդվածի 2-րդ մասով, 181-րդ և 185-րդ հոդվածների պահանջներով.
ՈՐՈՇԵՑԻ
«Aravot.am» համացանցային կայքում՝ 2/11 ընտրական տեղամասում մեկ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մասին հրապարակած տեղեկատվության առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումր մերժել հանցագործության դեպքի բացակայության հիմքով։