Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում փետրվարի 10-ին քննարկում էր կազմակերպվել՝ Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձեւերի քաղաքական նշանակության թեմայով:
ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքերով՝ ՀՀ իշխանությունները չեն ուզում, որ Մինսկի խմբի շրջանակից դուրս գա ԼՂՀ հարցը: Ադրբեջանն էլ եվրոպական այլ կառույցներում՝ ԵԽԽՎ-ում տանում է բանաձեւեր՝ մեզ համար շատ վտանգավոր գնահատականներով: Հիմա ի՞նչ անենք. «Հեյդար Ալիեւն ասում էր՝ Ղարաբաղը կորցրել ենք, ինչո՞ւ եք աղմկում, իրավունքը պահեք ձեր ձեռքում: Մենք հիմա պարզ ու հստակ տեսնում ենք, ինչպես է Ադրբեջանը դա անում»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի դիտարկմամբ՝ մենք շատ ժամանակ չենք հասկացել, թե ԵԽԽՎ ինստիտուտն ինչ է իրենից ներկայացնում: Մենք պայքարել ենք, կռիվ ենք տվել, որ անդամակցենք եվրոպական այդ ինստիտուտին, բայց պարտավորությունները վերցնելով էլ չենք ընկալել, թե ինչ քաղաքականություն պետք է վարենք այդ ինստիտուտում՝ հայկական շահերն առաջ տանելու համար. «Մենք միայն բանաձեւերի ժամանակ ենք այդ ինստիտուտը հիշում: Մենք մինչ օրս չենք կարողանում այս ինստիտուտի ընկալումն ապահովել՝ 2001-ից ՀՀ-ն այնտեղ անդամակցում է»:
Թեւան Պողոսյանը բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ԵԽԽՎ-ն, որ մարդիկ այնտեղ հավաքվել են՝ արժեքներ կիսելու. «Հայաստանը պետք է վերջապես ընկալի, որ ԵԽԽՎ-ն իմն է: Մենք դրա անդամն ենք, դրա համար նախ պետք է կանոնակարգն ուսումնասիրեինք: Մենք, հենց որ դանակը ոսկորին է հասնում՝ ձեռ ու ոտ ենք ընկնում»:
Կարդացեք նաև
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ «Մեզ համար ամենախոցելի ոլորտը ՀՀ-եվրոպական երկրներ երկկողմ հարաբերություններն են: Եթե դու խնդիրներ ունես, դա ազդելու է բանաձեւերի քվեարկության վրա, որոնք վերաբերում են Արցախյան հիմնահարցին: Այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ի քվեարկության ժամանակ ընդամենը 4 ձայնի տարբերությամբ որոշվեց արդյունքը, մեզ մտահոգության տեղիք պետք է տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ