Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կվերանորոգվի քսան դպրոց՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները բավարարելու համար

Փետրվար 10,2016 14:47

Կառավարությունը 2016-ը հայտարարել է հավասար հնարավորությունների տարի: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասացին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» տնօրեն Զարուհի Բաթոյանը և «Մենք կարող ենք» հ/կ նախագահ Արմինե Սահակյանը:

«2016-ը հատկանշական է նրանով, որ ընդլայնվում է մասնագետներին անհրաժեշտ վերապատրաստումների քանակը: Բոլոր մարզերում կունենանք գնահատման կենտրոններ, որոնք կհեշտացնեն կրթության՝ համընդհանուր ներառման հասնելու գործընթացը: Այս տարի նախատեսվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանորոգել և հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել 20 միջնակարգ դպրոցներում»,- հայտնեց Նարինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր հանրապետությունում գործում է ներառական կրթություն ապահովող շուրջ 150 դպրոց: Մինչև 2022-ը նախատեսվում է ունենալ համընդհանուր ներառական կրթության համակարգ:

Ի տարբերություն հանրակրթության վարչության պետի՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները գտնում են, որ արդեն ժամանակն է շեշտը դնելու հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթության վրա:

«Նախ կարիք կա անընդհատ կրկնելու, որ հաշմանդամությունը անվասայլակով մարդը չէ: Հաշմանդամը կարող է ունենալ ֆիզիկական, մտավոր և հոգեկան խնդիրներ, և պետք է հավասարապես բավարարվեն նաև կողմնորոշվելու խնդիր ունեցող մարդկանց կարիքները»,- ասաց Զարուհի Բաթոյանը: Հաշմանդամություն ունեցողների աջակցության համար նա կարևորում է հատկապես այն ոլորտների մարմինների մասնակցությունը, որոնք մինչ այժմ ներդրում չեն ունեցել նման ծրագրերում: «Ոչինչ հայտնագործել պետք չէ: Ծրագրերի և լուծումների համար կարելի է հանգիստ դիմել Google-ի օգնությանը և օգտվել այլ երկրների փորձից»,- հավելեց նա:

Արմինե Սահակյանն իր հերթին կարևորեց սոցիալական պատրոնաժի խնդիրը: Ըստ նրա՝ հասարակությունը դեռևս աչք է փակում այս խնդրի լուծման վրա, այնինչ անհրաժեշտ է, որ երեխան ծնողներից բացի, այլ խնամակալ-ուղեկցող ունենա հասարակությունում: Հաշմանդամություն ունեցող երեխաներին անընդհատ ուղեկցում են ծնողները, ինչը հավելյալ խնդիրների է հանգեցնում: «Մենք կարող ենք» հ/կ նախագահը ընդգծեց նաև առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար մշակութային միջոցառումներ, հատկապես աշխատանքների ցուցադրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը և կոչ արեց մշակույթի նախարարությանը նույնպես աջակցել նման ծրագրերի:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29