Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կլակ. Ուրիշ քամի

Փետրվար 10,2016 13:57

Եթե չիմանայի, որ մարդ եմ, գուցե կասկածեի ու չհավատայի դրան: Գիտեմ, որ մարդ եմ, բայց կոչմանս մասին վաղուց մոռացել եմ, թվում է՝ դարձել եմ ծառ, հող, կամ երկինք, սովորել նրանց լեզուն և անվերջ զրուցել հետները: Թվո՞ւմ է … ո՛չ, ոչինչ էլ չի թվում, ես իրոք գիտեմ նրանց լեզուն, նրանք էլ գիտեն ինձ, միայն թե ես տարբերվում եմ նրանցից և հենց դա էլ իմ մեջ սիրում են:

Շատ տարիներ առաջ, եկա և չուզեցա վերադառնալ, մնացի այստեղ, այս կանաչապատ, խիտ անտառում և այս վիթխարի ծառը դարձավ իմ տունը տարվա բոլոր եղանակներին:
Ինչո՞ւ չվերադարձա, հիմա կասեք զզվել եմ մարդկանցից, նրանց աղմկոտ կյանքից, բայց ոչ դուք կսխալվեք, ես չեկա, որովհետև սիրեցի իմ նոր աշխարհը, սիրեցի և չկարողացա դավաճանել, անկարող էի հուսախաբ անել ինձ սիրող բնությանը, չէ՞ որ մարդու մեջ կա սիրելու անփոխարինելի կարողությունը, ի՞նչ է մոռացել էիք … Հենց դա էլ ինձ սպանում է, այն միտքը, որ մարդ կարող է մոռանալ, մոռացության տալ այդքա՜ն կարևոր զգացումը…
Կմտածեք, թե ես խորհելու անսպառ ժամանակ եմ ունեցել, ոչ մի նման բան: Սարսափելի քիչ են տևել իմ մտորումները: Ես կուզեի իմ ամբողջ կյանքում երևակայել ու երազել, մտածել ու ծխել, ժպտալ ու արտասվել, բայց միայն գիշերն է հյուրընկալել իմ միտքը, թույլատրել, որ ճախրեմ: Եվ այսօր, երբ արդեն շատ տարիներ եմ կրում ուսերիս, իսկ այդ տարիները վաղուց կռել են ուսերս, միայն այսօր ես համարձակվում եմ նստել իմ պատրաստած փոքրիկ, փայտե աթոռակին և խորասուզվել, դառնալ ամբողջական ու խոսել բարձր … Իսկ ծխախոտ չկա:

Բայց կան բազմակետեր … Նրանք շատ են: Ես չեմ սիրում այդ կետերը, որոնք չեն լուսաբանում, այլ պահում են, թաքցնում ողջ չասվածը: Նրանք երբեք չեն էլ հայտնի իրենց իմացածը և ես կշարունակեմ զզվել նրանցից, բայց միշտ օգնության կանչել, իսկ նրանք կօգնեն, քանզի չեն զզվում, նրանք բազմում են գահին ու տիրում միտքը, սարսափեցնում նրան:

Չկա լռություն, ընդամենը հորինվածք է, որը ծնվել է թուլությունից: Ի՞նչ լռության մասին է խոսքը, երբ ոչինչ և ոչ ոք չեն լռում: Անգամ, երբ մարդ քնում է, միևնույն է չի լռում: Թվացյալ է և այն, թե այստեղ այս մթնամութ անտառում կարելի է գտնել լռություն: Ո´չ, դա այն երևույթն է, որը չկա աշխարհի և ոչ մի ծայրում, ինչպե՞ս կարող են ծառերը լռել, ինչպե՞ս կարող է հողը լռել: Նրանք կքնեն, բայց չե՛ն լռի:
Հիշում եմ, մարդկանց մեջ էլ ես իմ կարիքն ունեի: Ա՜խ, որքան ավելացավ այդ կարիքը: Ես իմ կարիքն ունեմ, ուզում եմ խոսել հետս և բոլորովին այլ պատասխան լսել, պատասխա՛ն, որն իմը չի լինի, բայց դա անհնար է, ես մարդու կարիք ունեմ: Անսահման հարգանք տածելով անտառի բնակիչների նկատմամբ ես ճչում եմ, գոռում, որ մարդու կարիք ունեմ: Սակայն յուրաքանչյուր հաղթանակ իր պարտությունն է բերում:Դա է պատճառը, որ մարդ հաղթանակից հետո չի կարողանում լիովին վայելել հաղթողի բերկրանքը: Նա չի հասկանում, ախր ամեն հաղթանակ իր պարտությունն է բերում: Երանի մոռանայի կոչումս և վայելեի հաղթանակն իր ողջ շքեղությամբ:

Անտառում ուրիշ է քամին, և արջը քեզ հեքիաթ չի պատմի, անմիջապես կանցնի իր սև գործին: Վագրերը չեն ժպտա, վարազը չի շոյի, հովազը թաթը ուսիդ չի գցի, գայլը չի համագործակցի և սա բնական է: Հիշում եմ, քամին, ձեր քամին բոլորովին ուրիշ էր: ուրիշ էր գայլը ` հրեշտակի պսակը գլխին, աղվեսը գայլի ժանիքներն հագած, առյուծն անկյունում վախվորած նստած… չէ՜, ձեր քամին ուրիշ էր:
Ա՜խ, տեր աստված որքա՜ն ուրիշ էր:

Դուք հավատում էիք լռությանը, նիրվանային, սնահավատ երազներին, կապույտ արևին …
Ինչքան եք դուք սիրում բարդացնել կյանքը, անտեղի ծանրացնել ` այն աստիճան, որ այն դառնա դժվարամարս, մինչդեռ ամեն ինչ տեղը տեղին կարող էր իր բնական հունով գնալ ու հասնել բոլորիս հայտնի ափին: Որքան եք դուք սիրում ատել իրար, չհասկանալով, որ չի կարելի սիրել ատելը, չի կարելի այդ երկուսը ձուլել իրար, կամ ինչպե՞ս կարելի է ատել սիրելը:
Կարելի՞ է արդյոք մահվան ժամանակ պարել, իհարկե ոչ, դե ուրեմն չի կարելի նաև սիրել ատելությունը, անթույլատրելի է հող դառնալ ատելության համար, քանզի հողը բարիք է պահանջում և սոսկում չարիքից:

Ինչևէ այս անտառում, այս չքնաղ ծառի վրա անցնում է իմ հետաքրքիր կյանքը: Ծառը բաժանել եմ հարկերի: Ամառը վերևում եմ քնում բաց երկնքի տակ, երբ սկսում է ցրտել եղանակը մտնում եմ «բունս»՝ ծառի ներսը: Հսկա ծառ է, ունի բոլոր հարմարությունները, եթե անտառում գներ լինեին, վստահ եղեք սա կլիներ ձեր լեզվով ասած վիպ սենյակ, բայց փառք տիրոջ, ձեր կանոնները չեն գործում անտառում, այստեղ ձեր սիրած միլիոնների վրա առանց կարևորություն տալու, պատահաբար կարող է կեղտոտել լուսանը, կամ նապաստակը: Փողն այստեղ կարևորություն չունի, բայց ձեզ համար փողի աղբյուր է անգամ անտառը և նրա բնակիչները, դուք ամեն ինչ վերածում եք փողի, ամեն ինչից ստանում եք փող, երազում տեսնում եք փող, ինչ միօրինակ է ձեր կյանքը: Մարդը և փողը անբաժանելի ընկերներ են, երբեմն նույնիսկ սիրեկաններ … Ձանձրալի է:

Չէ, ուրիշ է անտառի քամին, այստեղ արև կա, լուսին, երկինք, ծառեր, հող, հասարակ երազանքներ և սրանք են կարևոր մեզ մոտ: Հաճելի կլինի, եթե անսպասելի անձրև չտեղա, փոթորիկներ չլինեն, վայրի գազաններ չհանդիպեն, ահա սա է մեր երազանքը: Եվ մենք, հպարտությամբ պիտի նշեմ շատ հաճախ հասնում ենք մեր երազանքներին, ավելի ճիշտ Աստված կատարում է մեր ցանկությունները: Իսկ ձեր ցանկությունները, այդ անհագ երազները, որ չունեն սահման, չափի գիտակցում … մի զարմացեք, որ Նա էլ չի կարողանում կատարել դրանք, ախր անգամ այդպիսի երազ հորինելն է դժվար, ուր մնաց կատարելը հեշտ լինի:

Հիմա ամառ է և իմ միակ խնդիրը թռչուններն են, որոնք երբեմն ինձ փորձում են վախեցնել: Այս ու այն կողմ են շտապում գլխիս վրայով և փոքր ինչ անհանգստացնում, իսկ ցամաքում ինչպես միշտ գազաններն են, որոնք կատաղած թափառում են կեր գտնելու հույսով, բայց ես ուխտել եմ կեր չդառնալ, դա նրանց շատ կգիրացներ:
Թռչուններ էլ կան, որոնք իմ բարեկամներն են, երբ երգում են ձայնակցում եմ, իսկ նրանք զայրացած շրջվում են ու կարծես հանդիմանում, բայց ես չեմ ընկրկում, իմ ձայնն անսպառ է:

Բայց սա ի՛նչ է, սովորական պատմություն, դուք պիտի տեսնեք, թե ինչպես են նրանք սիրահարվում: Եթե ձեզ մոտ լինեի, կասեի դա մի ամբողջ ֆիլմ է.
Սկզբից հեռու հեռվից ծլվլում են` մեկը կոպիտ, մեկը նուրբ, մեկ չեմ ու չում են անում, մեկ կտուց կտցի տալիս ու վերջում երգում են երկուսով անտառի երգը: Դա իրենց սիրո երգն է, բայց ես կոչում եմ անտառի երգը, որովհետև չկա ավելի գեղեցիկ երգ անտառում և ինչու չէ աշխարհում: Կարելի է պնդել, որ ես ընտրել եմ անտառի հիմնը, բայց վստահ եմ, որ վաղը մյուս օր այստեղ հիմներ ընտրելու կռիվներ չեն լինի: Վստահ եղեք, անտառի քամին ուրիշ է:

Մարդկային իմ փչակում ունեմ նաև որոշ գրքեր, որոնք անընդհատ ընթերցում եմ, և չեմ ափսոսում նույն գիրքը 20 անգամ կարդալուց, հիմա արդեն կարող եմ գրքերը անգիր ասել:
Մի անգամ սաստիկ զայրացել էի, չգիտեմ էլ ինչ դև մտավ իմ մեջ, բայց գիրքը կտցահարելու համար մի թռչնակի սպանեցի, կարող էի քշել, բայց սպանեցի, մեղավոր եմ չտիրապետեցի ինձ, բայց նա ոտնահարեց իմ սրբությունը փետելով գրքերս: Չէ՞ որ թռչունն էլ պիտի հասկանա ինչ է կարելի և ինչը չի կարելի, բայց ինձ դրա համար ոչ ոք չդատեց: Անտառի քամին ուրիշ է: Ինձ չդատեցին ես էլ չդարձա թռչնասպան և չվերացրի թռչունների ցեղը:

Ձեր քամին բոլորովին այլ է, դուք դատում եք անգամ նրանց, ովքեր ոչինչ չեն արել, իսկ անողին էլ էնպես եք դատում, որ միջի գազանը ավելի է սաստկանում և պատրաստ է ոտքի տակ տալ ողջ աշխարհը … Իսկ ես թռչնասպան չդարձա:

Այս տարի ցավոտ տարի էր և մենք մեր հոգում ամփոփեցինք այդ ցավը: Երբեք այսպես չէր եղել, շատ էին ընկնող ծառերը: Ես չգիտեմ, թե ծառը ինչու է ծառին սիրում, բայց լավ գիտեմ, թե ինչու եմ ես այդքան նրանց սիրում:
Ծառերը ընկան, բայց նրանց ոչ ոք վայր չգցեց, արհեստական դավեր չնյութվեցին: Դուք էլ եք արդեն հասկանում, որ անտառի քամին ուրիշ է:

Իսկ ձեր քամի՞ն, մի՞թե ձեր քամին ուրիշ չէր: Ես չեմ ասի այն ինչը խոսքի օգնության կարիքը չունի: Այստեղ է, որ պիտի դնեմ բազմակետեր, բայց ոչ թե գաղտնիքը պահելու համար, այլ՝ ամոթը թաքցնելու, որն առանց այդ էլ բոլորս գիտենք … Մի՞թե ձեր քամին ուրիշ չէր …

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29