«Իմ մասնագիտական կարողություններն ինձ թույլ են տալիս զբաղվել նման գործունեությամբ եւ նաեւ իմ կյանքի անցած ճանապարհը, փորձը ինձ թույլ է տալիս, վստահություն է տալիս, որ ես կարող եմ զբաղվել»,- անդրադառնալով Մարդու իրավունքների պաշպանի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը՝ «Հայելի» մամուլի ակումբում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ այն անձինք, որոնք կարող էին հավակնել այդ պաշտոնին, ցավոք, չցանկացան մասնակցել այս պայքարին. «Նաեւ դա էր պատճառը, որ ես առաջադրվեցի: Բազմաթիվ անուններ կարող եմ նշել իրավապաշտպան ոլորտից: Նրանք, իհարկե, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն են եւ նաեւ փաստաբանները, որոնք այս տարիների ընթացքում իրենց դիրքորոշումներով հանդես են եկել եւ պաշտպանել են ՀՀ քաղաքացիների իրավունքները»:
Լրագրողների դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր ասում են, թե ինքը չի կարողանա աշխատել այդ պաշտոնում, քանի որ կուսակցության անդամ է եւ անաչառ չի կարող լինել, Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ դա արհեստական արդարացման մեկնաբանություններ են, որով, իհարկե, չի հիմնավորվում: Ընդդիմադիր հայացքների մասին չէ խոսքը: Դու պետք է պաշտպանես քաղաքացիների իրավունքը, որը խախտել է պետական պաշտոնատար անձը եւ կանխարգելել ապագայում նման խախտումների կրկնությունը»:
Նա համաձայն է, որ այս պաշտոնում աշխատող մարդը պետք է անաչառ լինի. «Կապ չունի, թե ում իրավունքներն են խախտվում, բոլորի նկատմամբ պետք է լինի հավասար մոտեցում: Մենք ապրում ենք ավտորիտար ռեժիմում եւ ասել, որ այդ ինստիտուտը լիարժեք կայացել է, սխալ է»:
Կարդացեք նաև
ՄԻՊ թեկնածուն բնական է համարում, որ այդ պաշտոնում աշխատող անձի վրա պետք է ճնշումներ լինեն. «Մի պահ է գալիս, որ պայմանավորվածությունները, հավանաբար, խախտվում են եւ այսպիսի հարաբերություններ են ի հայտ գալիս: Դրանից չպետք է կաշկանդվի Մարդու իրավունքների պաշտպանն, այլ՝ պայքարը շարունակի եւ իրականացնի իր առաքելությունը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ