Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ղեկավարը դիմել է Հովհաննես Սահակյանին

Փետրվար 10,2016 13:23

Երեկ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին`տեղեկացնելով, որ հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն ԲՀԿ-ի թեկնածուն չէ: ԲՀԿ-ն ներկայացնում է Մակար Եղիազարյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ ՄԻՊ-ի երեք թեկնածու է գրանցվել`Զարուհի Փոստանջյան, Նարեկ Ալոյան, Արման Թաթոյան: Տիկին Փոստանջյանին ներկայացրել են անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՕԵԿ խմբակցությունը, Նարեկ Ալոյանին ներկայացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Արման Թաթոյանին ներկայացրել է իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ ընթացակարգային առումով հանձնաժողովի անդամը պետք է ներկայացնի ՄԻՊ-ի թեկնածու, բայց հուսով ենք, որ ուրբաթ օրը կայանալիք հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահն անդամներին կներկայացնի ԲՀԿ խմբակցության ղեկավարի դիմումը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

ԲՀԿ-ն հայտարարել էր, որ սեփական թեկնածուին է ներկայացնելու`Մակար Եղիազարյանին: Քանի որ հանձնաժողովում ԲՀԿ-ն ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը սեփական թեկնածուին էր պատրաստվում առաջադրել, ընթացակարգով, ԲՀԿ-ն հանձնաժողովում պետք է լրացուցիչ անդամ ներկայացներ: Ինչն այդպես էլ չարվեց: Արդյունքում, ԲՀԿ-ն սահմանված կարգով չներկայաց իր թեկնածուին:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`եթե ԲՀԿ-ն ուներ ՄԻՊ-ի սեփական թեկնածուն, ինչո՞ւ լրացուցիչ անդամ չներկայացրեցիք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, մանավանդ, երեկ ամբողջ օրը խոսվում էր այն մասին, որ ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել Լյովա Խաչատրյանի թեկնածությունը, կուսակցության մամուլի խոսնակն ասաց, որ իրենք պատրաստվում էին այդ կերպ էլ վարվել եւ հանձնաժողովում լրացուցիչ անդամ ներկայացնել` ի դեմս Լյովա Խաչատրյանի: «Բայց, երեկ, օրվա միայն երկրորդ կեսին մեզ համար պարզ դարձավ, որ Տիգրան Ուրիխանյանը հանձնաժողովում սեփական թեկնածուին է ներկայացնելու: Այդ ժամանակ, տեխնիկապես արդեն գրեթե անհնար էր լինելու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում լրացուցիչ անդամ ներկայացնել: Իսկ մինչ, Տիգրան Ուրիխանյանի հետ բանակցություններ եւ քննարկումներ էին գնում, որ նա ներկայացնի եւ պաշտպանի մեր թեկնածուին»:

Հիշեցնենք, սեփական թեկնածուին ներկայացնելու մասին, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր դեռ անցած քառօրյայի լիագումար նիստերի ժամանակ: Երեկ երեկոյան, Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը ևս հայտարարություն էր տարածել, որում, մասնավորաբար, նշվում է, որ Տիգրան Ուրիխանյանի կողմից ԲՀԿ-ի թեկնածուին ներկայացնելու եւ պաշտպանելու շուրջ քննարկումներ են եղել, բայց պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29