ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի օրակարգը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթի քաղաքական բաղադրիչն ամբողջապես կարելի է համարել ավարտված եւ նշել, որ քանզի ԵՄ-ն ՀՀ հիմնական գործընկերներից է, ապա տնտեսական կոմպոնենտը եւս համապարփակ կերպով պետք է արտացոլված լինի ապագա իրավական փաստաթղթում: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի եվրոպական ապագայի հետ իրենք մեծ հույսեր են կապում եւ վստահեցրել, որ իրենց կողմից կանեն հնարավորը՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունն առավել ճկուն, դինամիկ եւ արդյունավետ դարձնելու համար:
Զրուցակիցները քննարկել են նաեւ 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ՝ հանրաքվեին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նախօրեին տված գնահատականը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ առաջիկայում ՀՀ քաղաքական ուժերի համար լուրջ խնդիրն Ընտրական օրենսգիրքն է լինելու: Որպես ԲՀԿ խմբակցության ղեկավար՝ տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ իր գլխավորած խմբակցությունն անելու է հնարավորը, որպեսզի ապագա Ընտրական օրենսգիրքը կանխարգելի ընտրական գործընթացին բոլոր հնարավոր անօրինական միջամտությունները եւ ընտրախախտումները:
Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ընտրական գործընթացն էլեկտրոնային համակարգով անցկացնելու հնարավորությունը եւ այդ խնդրում ԵՄ աջակցության հարցը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ