Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. Պետք չէ, որ ՀՀ-ն խառնվի ՌԴ-ի ներքին գործերին

Փետրվար 10,2016 12:46

ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Արտակ Դավթյանը ճիշտ է համարում ռուս-թուրքական սրացող հարաբերությունների այս փուլում Հայաստանի կրավորական կեցվածքը: Նա պնդում է, որ այն, ինչ հիմա կատարվում է ՌԴ-ում, ուղղակիորեն մեզ չի վերաբերվում: Վերաբերվում է այնքանով, որ հարցը ՌԴ քաղաքական շրջանակներն են բարձրացնում:

իշեցնենք, օրերս ՌԴ Դումայի կոմունիստական կուսակցության եւ «Արդար Ռուսաստան» խմբակցություններն առաջարկել էին դումային`չեղարկել 1921 թվականին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագիրը: Այդ հարցը վերջին երկու օրերին, հանրապետությունում բուռն քննարկումների առարկա է դարձել:

«Հանրապետությունում չես գտնի մեկ հայ, որը խանդավառված լինի Մոսկվայի «խաղաղության, եղբայրության» պայմանագրով: Այն ժամանակ Հայաստանի մասնակցությունը բավական սիմվոլիկ է եղել, բայց մենք ժամանակներն ու իրողությունները պիտի հաշվի առնենք: Ամեն դեպքում, որպես այդ պայմանագրի հետեւանք, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Հիմա, պահի թելադրանքով կամ չգիտեմ ինչ-ինչ բաների բերումով որոշել են անդրադառնալ կամ չանդրադառնալ դրան, դա զուտ ռուսների գործն է: Եթե իրենք եկել են այն մտքին, որ ժամանակին սխալ են եղել, ընդունում են պատմական սխալը, ցանկանում են շտկումներ անել, ապա, իբրեւ հայ, ես կարող եմ միայն ողջունել այդ մոտեցումը»,- ասաց մեր զրուցակիցը`ցանկանալով. «Տարոսը լինին նաեւ մեր տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային այլ հարեւաններին, նրանք էլ աստիճանաբար ընդունեն իրենց սխալներն ու մեղքերը, դրանք ուղղելու քայլեր անեն: Բայց դրանք չլինեն պահի ազդեցության տակ, թուրքերի հետ լարված հարաբերությունների համատեքստում»:

Տվյալ պարագայում, պաշտոնական Երեւանի լռությունը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը ճիշտ է համարում, քանի որ այդդ գործընթացը ներկայումս բացառապես ՌԴ-ի ազգային, պետական շահերից բխող է համարում, որոնք «չեն բավարարվի միայն լոլիկներով»:

Արտակ Դավթյանն այլ հարց է համարում, որ ՌԴ Դումայում բարձրացված հարցն իր տրամաբանական ավարտին հասնի`դրական արձագանք ստանա ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության կողմից, այդ ժամանակ արդեն արդարացված կլինի պաշտոնական Երեւանի դիրքորոշում հայտնելը:

Մեր զրուցակիցը չի կիսում տեսակետը, որ այժմ կարեւոր է, որ ՀՀ-ն հայտարարությամբ հանդես գա`փաստելով, որ գնահատում ենք պատմական արդարությունը վերականգնելու ցանկությունը, բայց չենք ցանկանում, դառնալ երկու պետությունների հարաբերությունների պարզաբանման առարկա: «Այս պահին մենք որեւէ անելիք չունենք: Երբ Դուման կընդունի համապատասխան որոշում, որն էլ արդեն որոշակի ազդեցություն կունենա ՌԴ ԱԳՆ-ի քաղաքականության համար, ես ընդունում եմ ձեր ասածը: Իսկ այս պահին ՀՀ-ն խառնվի ՌԴ ներքին գործերին…, որովհետեւ դա իրենց ներքին գործն է, Դումայում ինչ-որ գործընթացներ են ընթանում: Ջուրը չտեսած բոբկանալ պետք չէ: Դա մենք բազմիցս արել ենք: Բայց նույն փոցխի վրա մի քանի անգամ չի կարելի կանգնել: Պետք է հետեւություններ անենք եւ դասեր քաղենք»:

Իսկ առհասարակ, Արտակ Դավթյանը բավական թերահավատորեն է վերաբերվում Դումայում սկսված այդ գործընթացին: Պատճառներից մեկն էլ այն է, որ այն սկսել է ոչ թե ՌԴ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից, այլ իրենց կշռով շատ ավելի թեթեւ քաշային կարգում գտնվող ուժերի ներկայացուցիչների կողմից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29