«Հանրաքվեի ընթացքում արձանագրված եւ պատկան մարմիններին դիմումներով, բողոքներով ներկայացված ոչ մի դեպք լիարժեք եւ արդյունավետ քննության չի ենթարկվել: Ոչ մի դեպքով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն (վարչական, քրեական) չի իրականացվել: Բոլոր դեպքերով, բոլոր անհնար եւ հնարավոր միջոցներով պետական մարմինները փորձել են ձեւական պատճառաբանություններով սպառել բողոքները»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Ներկայացնելով սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ամփոփիչ զեկույցը, Տիգրան Եգորյանն, օրինակ բերեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերից մեկը, երբ բողոքներից մեկով ԿԸՀ զեկուցողը հայտնել է, որ լիազորագիր չի ներկայացվել. «Մենք ժամանակ խնդրեցինք եւ լիազորագիր ներկայացրեցինք: Հասկանալով, որ դա հեշտ շտկվող վրիպակ է, մնացած 43 դեպքով այդ ժամանակը չտրամադրվեց եւ հայտարարվեց, որ չի ներկայացվել ու մերժեցին բողոքները»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը արձանագրեց, որ «խախտումների պարագայում իշխանությունների կողմից համապատասխան ջանք, գործողություն ոչ միայն արձանագրված կամ ահազանգված խախտումների ուղղությամբ աշխատելու, այլ նաեւ կանխելու ուղղությամբ չի նկատվել: Սա էր միտումը: Բացարձակ անգործություն էր այդ օրը: Դիտորդներին ասում էին՝ գրանցեք, մենք կզբաղվենք: Չկա մի փաստ, թե իրենց սեփական նախաձեռնությամբ կանխել են որեւէ խախտում»:
Փոխարենն, ըստ նրա, պատկան մարմինները պաշտպանողական պահվածք էին դրսեւորում: «Նրանք հարցնում էին, թե ինչքանո՞վ է հավաստի, տեխնիկական ձեւակերպումների կամ ֆորմալիզացման ձեւական դաշտ էին տանում, որտեղ փորձ էր արվում այդ խայտառակ պատկերը կեղծել, սքողել կամ էլ թաքցնել»:
Կարդացեք նաև
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի