Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ունի որոշակի վերապահումներ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 10,2016 12:40

Երեկ ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց «թիրախը» սահմանադրական հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ բավական կոշտ գնահատականներ պարունակող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջին զեկույցն էր։

  -Ընդունո՞ւմ եք մեղադրանքը, թե իշխանություններն անտեսել են ԺՀՄԻԳ նախկինում բարձրաձայնած մտահոգությունները եւ հանձնարարականները՝ մատը մատին չեն խփել ընտրական գործընթացի հանդեպ հանրության վստահությունը բարձրացնելու համար։

-Բնականաբար ԿԸՀ-ն ունի որոշակի վերապահումներ զեկույցում տեղ գտած առանձին եզրահանգումների, նաեւ զեկույցը, ըստ էության, միջնորդավորված ձեւաչափով կազմելու առումով, բայց հատկապես կարեւորում ենք ներկայացված առաջարկությունները, որովհետեւ ե՛ւ այս, ե՛ւ 2012-13թթ. զեկույցները ներառում են բավական լուրջ առաջարկություններ։ Դրանց նպատակը թերեւս մեկն է. նպաստել ընտրական օրենսդրության, ընդհանրապես ընտրական գործընթացի կատարելագործմանը, վերջին հաշվով՝ ընտրությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը։

Համոզված եմ, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխման շրջանակներում բոլոր այդ առաջարկությունները կդառնան քննարկման առարկա։ Միեւնույն ժամանակ, իշխանություններն արդեն համապատասխան աշխատանքներ են սկսել թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ։ Փորձագիտական աջակցությունը, անկասկած, կնպաստի լավագույն լուծումների ընտրությանը՝ ի նպաստ հանրային վստահության բարձրացման։

  -Դուք համարում եք, որ զեկուցողներն ասեկոսեների հիման վրա՞ են գրել իրենց զեկույցը։

-Ասացի այն, ինչ ասացի, կան առանձին եզրահանգումներ, որոնց հիմքում դրված են ոչ թե իրենց իսկ կողմից արձանագրված փաստարկված դիտարկումները, այլ տարբեր հայտարարություններ, տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններ։ Իսկ սկզբնաղբյուր չհանդիսացող փաստերը, կրկնում եմ, օգտագործվելուց առաջ կրկնաստուգման անհրաժեշտություն ունեն։

-Զեկույցում նշված է, որ դիմում-բողոքների հետ կապված պատշաճ քննություն չի անցկացվել։ Ավելին՝ ԿԸՀ-ն ականջալուր չի եղել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումը բոլոր փաստերի, բողոքների լիարժեք քննությունից հետո միայն հրապարակելու հորդորներին։

-Բոլոր ժամկետները սահմանված են օրենքով, իսկ ԿԸՀ-ն պետք է առաջնորդվի առաջին հերթին Ընտրական օրենսգրքում ամրագրված կանոնակարգումներով։ Օրենքի առանձին դրույթների վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ. ոմանց կարծիքով՝ այդ ժամկետը կարճ է, մյուսների կարծիքով՝ երկար է, բայց սա բոլորովին այլ խնդիր է, որ բնականաբար չի մտնում ԿԸՀ իրավասությունների մեջ։ ԿԸՀ խնդիրը մեկն է՝ ապահովել ԸՕ-ով սահմանված ժամկետների հստակ պահպանումը, ինչն էլ արվել է։

Ինչ վերաբերում է բողոքներին, հանձնաժողովը քննարկել է սահմանված ժամկետում, սահմանված կարգով ներկայացված բոլոր բողոքները, այդ բողոքների առնչությամբ կայացվել են որոշումներ, ավելին՝ քվեարկությունից հետո էլ շարունակել է աշխատանքը իրավական մարմինների հետ։ Առանձին բողոքներ, եթե նույնիսկ դրանցում տեղ գտած փաստերը չեն քննարկվել ԿԸՀ նիստերում, կա՛մ սեփական վարույթներով են դարձել քննարկման առարկա, կամ դրանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են իրավասու իրավապահ մարմիններին։

Այստեղ խոսքը, ըստ էության, ոչ թե բողոքների ոչ պատշաճ քննության մասին է, այլ ավելի շատ բողոքարկող սուբյեկտների շրջանակների փոփոխության, բողոքների ներկայացման ժամկետների վերաբերյալ։ Սրանք հարցեր են, որոնցից յուրաքանչյուրն առանձին քննարկման առարկա կարող է լինել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29