Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի ունեցավ լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։
Բնագիտական, բժշկության, հումանիտար գիտությունների, հասարակագիտության, ճարտարագիտության եւ մշակույթի ոլորտներում հաղթող ճանաչվեցին 18 բուհերի 39 ուսանողներ, որոնք պարգևատրվեցին հավաստագրերով և ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով՝ 1-ին տեղ՝ 440 հազար դրամ, 2-րդ տեղ` 228.5 հազար դրամ, 3-րդ տեղ՝ 200 հազար դրամ:
Պարգեւները հանձնեց նախարար Արմեն Աշոտյանը: «Նման մրցույթներն իրականում նպատակ ունեն գիտելիք քարոզելու եւ ցույց տալու այն երիտասարդներին, որոնք իրենց ապագան կապում են բացառապես իրենց խելքի եւ գիտելիքների հետ: Սա շատ կարեւոր է հատկապես այս դարում, երբ երիտասարդների համար կողքից շատ գայթակղություններ կան: Բնական է, որ գայթակղություններին կարելի է պարբերաբար տրվել, բայց պետք չէ մոռանալ այս տարիների հիմնական առաքելությունը՝ այն օրը, որի ընթացքում երիտասարդը չի ավելացնում իր գիտելիքները, կորուսյալ է:
Կարդացեք նաև
Կարելի է եւ պետք է համատեղել ուսանողական ուրախ առօրյան հետեւողական եւ աշխատասեր գործունեության հետ: Սա է այն ժամանակը, երբ մարդը հավաքում է իր հիմնական կապիտալը՝ խելքը, գիտելիքը, հետո ավելի քիչ է կարդում, զբաղվում է կենցաղային եւ ընտանեկան հարցերով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Նա նկատեց, որ հաղթող-ուսանողներին տրված դրամական պարգեւը բավական է՝ տվյալ տարվա կրթական ծախսը հոգալու համար:
Հավելենք, որ մրցույթը կազմակերպվում է 2013 թ-ից: Նպատակն է՝ բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն եւ ակտիվ դրսևորվել համապատասխան մասնագիտական ոլորտում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ