Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս-թուրքական հակամարտության ընթացքում ռուսները կօգտագործեն Գյումրու ռազմաբազան». Արա Պապյան

Փետրվար 10,2016 11:45

Հայաստանը հնարավոր է ներքաշվի ռուս-թուրքական հակամարտության մեջ: Այս կանխատեսումն այսօր «Անդրադարձ» ակումբում արեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա համոզմամբ, ռուս-թուրքական հարաբերություններն աստիճանաբար թեւակոխում են ավելի սուր փուլ: Կողմերը փնտրում են լծակներ միմյանց դեմ օգտագործելու:

Նա կարծիք հայտնեց, որ 1921 թվականի մարտի 16-ին ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության մասին պայմանագիրը չեղարկելու մասին տարածվող տեղեկություններն այս փուլում ռուսների կողմից թուրքերին ճնշելու միջոց են օգտագործվում. «Բայց չեմ բացառում, որ առաջիկա ամիսներին, հենց մարտի 16-ին, երբ լրանում է այդ տխրահռչակ պայմանագրի 95 ամյակը, հարցը բարձրացվի: Ամեն ինչ կախված կլինի, թե արդյոք Սիրիայի հարցում, Ասադի ճակատագրով ռուսները թուրքերի հետ համաձայնության կգա՞ն, թե՞ ոչ: Չեմ կարծում, որ համաձայնության գան, որովհետեւ կողմերը շահագրգռված են պատերազմով, երկուսն էլ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքական հարցեր ունեն լուծելու: Այդ պատերազմը թուրքերին հնարավորություն է տալիս ճնշել քրդերին, քրդական գործոնը վերահսկողության տակ վերցնել:

Ռուսաստանի պարագայում ներքին տնտեսական դժվարություններն են բերում դրան, իշխանությունը փորձում է ժողովրդին շեղել իրավիճակից ու ցույց տալ իր ուժը. «Ռուս-թուրքական հարաբերությունները կսրվեն, առաջին փուլում կգնա ընդհարում Սիրիայի օդում՝ օդուժերի բախմամբ, հետագա զարգացումները կախված են ընթացքից: Չեմ բացառում, որ Ռուսաստանն օգտագործի ՀՀ-ում ռազմաբազան, հետեւաբար ՀՀ-ն կներքաշվի այդ իրավիճակում: Եթե ստիպված լինենք ներքաշվել այդ հակամարտության մեջ, մեր միակ ելքը մնում է Հայաստան- Նախիջեւան-Իրան երկաթգիծը վերահսկողության տակ վերցնելը, որը հնարավորություն կտա բացվող Իրանի հետ ռեալ հարաբերություններ զարգացնել»:

Ըստ նրա, ռուս-թուրքական հակամարտության մեջ Հայաստանի ներքաշվելու դեպքում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցն է վտանգվում. «Բայց այդ դեպքում Ղարաբաղի հարցը դառնում է արդեն երկրորդական, ԼՂՀ հակամարտությունը դառնում է հայ-թուրքական հակամարտության մեջ մի փոքր օղակ: Հնարավոր է՝ Ղարաբաղում էլ ամեն ինչ սրվի, չեմ բացառում, որ Ռուսաստան-Թուրքիա բախման ժամանակ Ռուսաստանը հյուսիսային Կովկասով մտնի՝ Վրաստանով Թուրքիա դուրս կգա, այսինքն, արդեն Վրաստանն էլ անմասն չի մնա: Սա արդեն շատ մեծ հակամարտության մասին է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29