Լրահոս
Օրվա լրահոսը

Արժե՞ ընկնել Եվգենիա Մեդվեդեւայի հետեւից ու խնդրել, որպեսզի կրի հոր Բաբասյան ազգանունը

Փետրվար 10,2016 11:17

Այս թեման դարձել է օրակարգային ու մոտեցումները հակասական են: Մեդվեդեւային հայկական ազգանուն վերագրում են հիմնականում հայկական լրատվամիջոցները: Մարզասերները հարցին մոտենում են զգացմունքային, իսկ մասնագետները՝ գործնական:

Երբ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող մենասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան (հոր ազգանունը՝ Բաբասյան) նվաճեց չեմպիոնի կոչումը, հայկական լրատվամիջոցներում ցանկություն հնչեց, որպեսզի Ռուսաստանի հայկական համայնքը «տիրություն անի» նրան, որ մարզուհին վերադառնա դեպի հայկական արմատներ: Aravot.am-ը տեղեկացավ, թե այդ մասին ինչ է մտածում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

«Մեր ԶԼՄ-ները Մեդվեդեւայի հետ կապ հաստատելու համար ինձ էլ են դիմել: Ես նրա հեռախոսահամարը չունեմ, բայց զանգահարեցի գեղասահքի աշխարհում մեծ հեղինակություն վայելող Արի Զաքարյանին: Նա ասաց, որ անիմաստ է Մեդվեդեւայի հետեւից ընկնելը: Այո, նրա հայրը հայ է՝ ինչ-որ Արթուր Բաբասյան: Չգիտեմ ինչպես ասել. նա ժամանակին գնացել է Ռուսաստան, ունեցել Եվգենիային ու բաժանվել է նրա մորից, հեռացել: Եվգենյան հիմա կրում է մոր ազգանունը: Դժվար չէ պատկերացնել, թե վիրավորված մայրը այդ մարդու պատճառով ինչ պատկերացում ունի հայերի մասին ընդհանրապես եւ ինչ է ներարկել դստեր մեջ:

Ինչ վերաբերում է Եվգենիային աջակցելուն, իմ կարծիքը հետեւյալն է. Եթե որեւէ երկրում կա հայ ու տեղի հայկական համայնքը, որեւէ անհատ ցանկանում է նրան օգնել, աջակցել, այդ թվում նաեւ Մեդվեդեւային, դրական եմ վերաբերվում: Բայց Մեդվեդեւան ապրելով ու մարզվելով Ռուսաստանում, այնքան է ապահովված թե նյութապես, թե մարզումային պայմաններով, որ հայկական համայնքի օգնության կարիքը չունի: Քաջատեղյակ մեր հայրենակիցներն ասում են, թե նա մի ամսում այնքան գումար է վաստակում, որքան բյուջե ունի Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, որ եթե կան այդպիսի անհատներ, կազմակերպություններ, աջակցեին Հայաստանի գեղասահորդներին: Որպեսզի նրանց համար ավելի շատ հավաքներ կազմակերպվեն գեղասահքի հայտնի կենտրոններում, որտեղ կմարզվեին, կմրցեին ուժեղների հետ ու աճ կգրանցեին, որպեսզի հայաստանցի գեղասահորդները ավելի շատ միջազգային մրցումների մասնակցելու, մրցափորձ կուտակելու հնարավորություն ունենային, որպեսզի լավագույն մասնագետներ հրավիրվեին Հայաստան՝ մարզչական ու մրցավարական որակավորման բարձրացման սեմինարներ կազմակերպելու: Հայաստանի գեղասահքը դրանց կարիքը շատ ունի ու այդ ուղղությամբ չարչարվում է:

Թե չէ՝ ընկնել մի մարդու ետեւից, որը գուցե չի էլ տեսել հորը, հրաժարվել է նրա հայկական ազգանունից ու խնդրել՝ արի՞: Չգիտեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sports.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29