«Դուք լավ գիտեք, թե որտեղ են բացերը, կարելի էր ուսումնասիրել հանրաքվեի մասին զեկույցը, իսկ դրան պետք է լրջորեն վերաբերվեք, տնային աշխատանք անեք։ Այդ դեպքում ՀՀ պետությունը մեծապես կշահի, եթե այդ հանձնարարականներն ու քննադատական մոտեցումներն ի կատար ածի»,- երեկվա իր ասուլիսում ՀՀ իշխանություններին վատ աշակերտի նման նախատեց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին։
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, համեմատելով 2015-ի հանրաքվեն 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, բացասական տենդենց է տեսնում. «2012 թվականի ընտրություններից հանրաքվեն երեւի մի 40 քայլ հետ է եղել»։ Այս զեկույցը կարելի՞ է համարել ապտակ ՀՀ իշխանություններին, Մարուքյանն ասաց. «Գիտե՞ք, էդ ապտակը… Էնքան էդպիսի ապտակներ կան, ի՞նչ է դա տվել։ Դուք մոռացել եք, որ մենք ԵՏՄ– ական երկիր ենք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ-բան, ում է դա հետաքրքիր»։
Այս ամենին իշխանություններն ունեն իրենց ստանդարտ պատասխանը։ ՀՀԿ-ից Հովհաննես Սահակյանը հայտարարել էր, որ զեկույցում կային դիտարկումներ, որոնք տեղին էին, հետո ավելացրել, որ ընտրախախտումների պարագայում մեկ-երկու մասնավոր դեպքերը չի կարելի ընդհանրացնել։
Նմանատիպ պատասխան տվեց նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ, եվրոպական կրթությամբ ու ՛եվրոպական արժեքներով աչքի ընկնող պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։ «Նախ, ինչքան հասկացա՝ ԵԱՀԿ-ն շատ փոքր պատվիրակությամբ է եղել, եւ իրենք էլ են նշում զեկույցում, որ ընդամենը մի քանի տեղամաս են այցելել, ինչը բավարար չէ ընդհանուր պատկեր կազմելու համար։ Իսկ թե տնային աշխատանքն ինչպես է կատարել Հայաստանը, ես դրա մասին չգիտեմ, դա մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է որոշեն»,- ասաց նա՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք վա՞տ էին կատարել ՀՀ իշխանություններն իրենց տնային աշխատանքը:
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում