Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում փախստականների հարցն առաջ է մղվում

Փետրվար 10,2016 16:30

Այդ պատճառով է Էլեոնորա Ասատրյանը
ցանկանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան դառնալ

– Տիկին Ասատրյան, երեկ հրապարակվեց «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը, որում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներին առաջարկվում է պաշտոնապես ներկայացնել Ձեր թեկնածությունը խորհրդարանի իրենց իսկ հանձնաժողովի քննարկմանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար: Ինչո՞վ է պայմանավորված փախստականների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների այսպիսի առաջարկով հանդես գալու նախաձեռնությունը:

– Առայսօր Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը եւ պաշտոնը Հայաստանում բավականին խորհրդանշական մի բան է եղել եւ գործնական առումով պատշաճ ազդեցություն չի ունեցել մեր երկրում մարդու իրավունքների, այդ թվում նաեւ՝ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների լիարժեք իրացումը, որպես բացառիկ գերակայություն, ապահովելու տեսանկյունից, եւ, մեր համոզմամբ, այս իրավիճակում բեկում մտցնելու համար քաղաքացիական հասարակությունն ինքը պետք է նախաձեռնողականություն հանդես բերի եւ համապատասխան պահանջ ներկայացնի ՀՀ համապատասխան պետական մարմիններին: Անհրաժեշտ է հիշեցնել ե՛ւ հասարակությանը, ե՛ւ պետության պատասխանատուներին այն մասին, որ, մեծ հաշվով, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կոչված է ապահովելու շարքային քաղաքացիների, խոցելի սոցիալական խմբերի իրավունքների պաշտպանությունն առաջին հերթին հենց կառավարիչ-չինովնիկների իրավաքաղաքական ապօրինությունների եւ կամայականությունների, կոռուպցիոն գործողությունների, դատական եւ իրավապահ համակարգերում կատարվող խախտումների դեմ արդյունավետ համակարգային հակազդեցությունը:

Ասվածի համատեքստում էլ հենց պետք է դիտարկել «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի այս նախաձեռնությունը: Կա նաեւ մեկ այլ՝ մեր հասարակության եւ պետության համար ոչ պակաս կարեւոր հանգամանք՝ վերջին ամիսներին տեղի ունեցած մեր հանդիպումների արդյունքների եւ ներքաղաքական ու միջազգային զարգացումների օբյեկտիվ վերլուծությունը մեզ հանգեցրել է այն համոզման, որ մոտ ապագայում արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջին գիծ է մղվելու փախստականների հիմնախնդիրը՝ այն հիմնախնդիրը, որի տարբեր կողմերի հետ փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունների մեր միությունը անմիջականորեն այսպես թե այնպես առնչվել է շատ տեւական ժամանակ: Սա նշանակում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում այս խնդրի բոլոր կողմերին քաջատեղյակ մասնագետի ընտրությունը կարող է անչափ օգտակար լինել նաեւ բանակցային գործընթացի առաջիկա փուլի մարտահրավերներին համարժեքորեն հակազդելու տեսանկյունից:

– Ավելի քան մեկ տասնամյակ է՝ Դուք «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ՔՀՑ-ի համակարգողն եք եւ լավ գիտեք ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրները, սակայն արդյոք այդ ոլորտին հիմնախնդիրների ծանոթ լինելու հանգամանքը բավարա՞ր է, օրինակ, սոցիալապես անապահով խավերի, հաշմանդամների, ազգային փոքրամասնությունների եւ այլ խոցելի սոցիալական խմբերի իրավունքների համարժեք պաշտպանությունն ապահովելու համար:

– Աշխատանքի բերումով մենք ստիպված եղանք ընդլայնել մեր աշխատանքի ընդգրկումը եւ վերջին տարիներին առիթ ունեցանք զբաղվելու ոչ միայն ադրբեջանահայ փախստականների, այլեւ սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցերով: Հայաստանում բնակվող փախստականներն առհասարակ մեր ազգաբնակչության թերեւս ամենախոցելի հատվածն են՝ նրանց մեծ մասը սոցիալապես անապահով կամ ծայրահեղ աղքատ է, քիչ չեն նաեւ հաշմանդամները, եւ այս բոլոր խնդիրներով զբաղվելու փորձը մենք ունենք: Մեր աշխատանքի առանձնահատկություններից ելնելով՝ նաեւ լավ եմ գիտակցում ազգամիջյան հարաբերություններում փոխվստահության վրա հիմնված արժանապատիվ ու ներդաշնակ փոխգործակցության հաստատման կարեւորությունը: Ունեմ նաեւ համապատասխան մասնագիտական որակավորում եւ աշխատանքի բազմամյա փորձ սպառողների եւ արտադրողների շահերի պաշտպանության ոլորտում: Կարծում եմ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ մասնագիտական համապատասխանությունս հաստատող փաստաթղթերի փաթեթը միանգամայն համարժեք է ներկայացվող պահանջներին:

– Իսկ ինչո՞ւ է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ՔՀՑ-ն դիմում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին՝ Ձեր թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու խնդրանքով:

– Դա պարտադրված քայլ է: Ցավոք սրտի, գործող կարգի համաձայն՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններն իրենց թեկնածուներին անմիջականորեն առաջադրելու հնարավորությունից զրկված են: «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ՔՀՑ-ն զերծ լինելով կուսակցական նախասիրություններից եւ այդ առումով հանդիսանալով ապաքաղաքական կառույց՝ կընդունի ցանկացած կուսակցության անդամ հանդիսացող պատգամավորի աջակցությունն այս հարցում: Կարծում ենք, որ մեր կողմից առաջարկվող լուծումը հնարավորություն կընձեռի բարձրացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության արդյունավետությունն ինչպես ներքին, այնպես էլ միջազգային զարգացումների համատեքստում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29