Մեր իրականության մեջ թյուր կարծիք է ձեւավորվել դիվանագետի կյանքի եւ կենցաղի վերաբերյալ: Դիվանագիտություն մասնագիտության եւ դիվանագետի՝ որպես անձի շուրջ ստեղծված կարծրատիպերը հաճախ պատճառ են դառնում վերջինիս գործի եւ ապրելակերպի սխալ կամ ոչ արժանվույն գնահատանքի եւ ավելորդ ու անտեղի քննադատության:
Ինչպես արտգործնախարարը բնութագրեց վերջին ասուլիսի ժամանակ, դիվանագետը իր երկրի զինվորն է արտաքին քաղաքական ասպարեզում՝ երկրից դուրս. կարճ ասած՝ իր երկրի ծառան, քանի որ հենց այդպես էլ օրենքով տրված է ստորաբաժանման անվանումը՝ դիվանագիտական ծառայություն: Սակայն այն, որ արտգործնախարարությունը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, եւ աշխատանքի բնույթից կախված՝ դիվանագետները գործուղումների են մեկնում եւ ներկայացնում մեր երկիրը արտասահմանում՝ դրսից նայող աչքի համար այս աշխատանքը սկսում է նմանվել հանգստի գոտու կամ զվարճանքի վայրի, որտեղ մարդիկ գալիս են ուղղակի ժամանակ անցկացնելու համար:
Այժմ փորձենք մեդալը նայել հակառակ կողմից եւ տեսնել՝ ի՞նչ է թաքնված դրա հակառակ կողմում: Զինվորը խրամատում՝ իր հայրենի հողում, զենքը ձեռքին, ծառայակից ընկերների հետ պաշտպանում է իր երկիրը հակառակորդի ոտնձգություններից՝ շատ լավ իմանալով, որ իր հետեւում հայկական սուրբ հողերն են, գյուղերն ու քաղաքները, ծեր ու մանուկ, ահել-ջահել, իսկ դիվանագե՞տը:
Դիվանագետը ներկայացնում է ու պաշտպանում իր երկիրը, իր երկրի, քաղաքացու ու հայրենակցի իրավունքներն ու շահերը… օտար երկրում, շատ ժամանակ անհյուրընկալ ու մռայլ՝ ընդամենը մի քանի անձնակազմով իր վրա վերցնելով ահռելի աշխատանք: Եվ կատարում են ոչ միայն նշված ֆունկցիաները, այլեւ պայքարում են պատմական արդարության վերականգնման, ղարաբաղյան հիմնահարցի արդարացի կարգավորման, հայկական համայնքի, հայապահպանության եւ բազում այլ հարցերի համար: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի դեսպանությունների մեծ մասը բաղկացած է «դեսպան գումարած մեկ դիվանագետ» անձնակազմից, իսկ իր դիմաց կանգնած են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ տասնյակ դիվանագետներով «զինված» դեսպանությունները: Ավելին, չեք գտնի գեթ մեկ դեսպանություն, որ հավատարմագրված է միայն նստավայր երկրում. յուրաքանչյուր դեսպանություն իր վրա է վերցնում եւ ծածկում առնվազն երկու-երեք հարեւան պետություն:
Կարդացեք նաև
Իսկ այն, որ դիվանագետի գործը նման է այսբերգի եւ երեւում է միայն գագաթային մասը, իսկ հիմնականը եւ ծավալունը հասանելի չէ հանրությանը՝ ասում են ամբողջ աշխարհում, եւ Հայաստանի արտգործնախարարության աշխատաոճը բացառություն չի կազմում: Կատարված արդյունքների մասին բարձրաձայնելը կամ նախապես կատարվելիք քայլերի մասին տեղեկացնելը նման է նրան, երբ հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողություն իրականացնելուց առաջ հայտարարություն տարածել կամ աղաղակել տեղի ունեցածի մասին:
Մեր դիվանագետները, ինչպես ամեն հարմար առիթի պարագայում շահարկում են հայկական լրատվամիջոցները, գործուղվում են ոչ միայն Փարիզ, Բրյուսել եւ Վիեննա, այլեւ Հալեպ, Դամասկոս, Բաղդադ եւ շատ այլ թեժ կետեր, որտեղ ոչ ոքի անվտանգությունը հարյուր տոկոսով երաշխավորված չէ, որտեղ երբեմն այնպիսի աշխատանքային պայմաններ են ստեղծվում, որ ոչնչի հետ չես կարող համեմատել` առանց ջրի, լույսի, տարրական կենցաղային պայմանների, որը խրամատից էլ ավելի վատ է: Բայց, այնուամենայնիվ, մարդիկ այնտեղ շարունակում են ծառայել իրենց պետությանն ու ազգին՝ հեռու լինելով իրենց ընտանիքներից ու սիրելիներից, եւ ամենացավալին այն է, որ տարբեր պատճառներով նրանց կատարած գործի մասին չլուսաբանելու հետեւանքով դիվանագետի գործը անխնա քննադատության է ենթարկվում:
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հ.Գ. Մենք այս աշխարհում միայնակ չենք, եւ միայն մենք չէ, որ կարողանում ենք աշխատել: Աշխատում են նաեւ հակառակորդ երկրները, սխալվում ենք մենք, սակայն քննադատությունը պետք է լինի կառուցողական, առանց մաղձի ու նպաստի թերությունների շտկմանը, այլ ոչ թե արդեն կատարած գործի արժեզրկմանը:
«Առավոտ» օրաթերթ
09.02.2016